Հայաստանի կառավարության Օպերատիվ շտաբի միջոցով 24 նախագծեր<br /> ստացել են 17 մլրդ դրամի աջակցություն<br />


Հայաստանի կառավարության Օպերատիվ շտաբի միջոցով 24 նախագծեր
ստացել են 17 մլրդ դրամի աջակցություն

  • 08-07-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության կողմից համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերից է տնտեսության անկման կասեցումը եւ արդյունավետ զարգացման համար հիմքերի ստեղծումը: Այս մասին հուլիսի 8-ին «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռնկարներ» թեմայով միջազգային եռօրյա համաժողովում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Ըստ նրա, հակաճգնաժամային փաթեթը իր մեջ ներառում է տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրեր, աջակցություն գործարարության եւ առանձին ոլորտների, խոշոր ենթակառուցվածքների, սոցիալական ռիսկերի կառավարում, տնտեսության աճի եւ զարգացման ապահովվման ուղղված բարեփոխումների իրականացում: Բացի դրանից կշարունակվեն հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումները, ինչպես նաեւ նոր հարկային եկամուտների հայտնաբերումը: Մ.Թումասյանի խոսքերով, կառավարությունը իրականացնում է նաեւ ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակներում երաշխիքներ, սուբսիդիաներ է առաջարկում առանձին չափանիշներին բավարարող ձեռնարկություններին: Ըստ նրա, կարեւոր նշանակություն ունի նաեւ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ձեւավորված օպերատիվ շտաբի գործունեությունը: Մասնավորապես, շտաբի միջոցով շուրջ 300 ծրագրեր են ուսումնասիրվել եւ արդեն 24 նախագծերով տրամադրվել է 17 մլրդ դրամ ընդհանուր գումարի աջակցություն: Կառավարությունը իրականացնում է նաեւ գործարարության եւ առանձին ոլորտների աջակցությանն ուղղված ծրագրեր: Ըստ այդմ, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության Զարգացման ազգային կենտրոնն արդեն իրականացրել է 50 մլն դրամի կապիտալ ներդրում եւ 53 մլն դրամի վարկավորում: Կառավարությունը նախատեսում է նաեւ սուբսիդիաներ տրամադրել այն ձեռնարկություններին, որոնք 2009-2011թթ.-ի ընթացքում կնախաձեռնեն խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր: Մ.Թումասյանի գնահատմամբ, Ճգնաժամային փուլում աճի եւ զարգացման ապահովությանն ուղղված բարեփոխումները չափազանց կարեւոր են: Նրա խոսքերով, պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի որոշակի «օգուտներ ստանանք ճգնաժամից»: «Դրանք պետք է ապահովեն նոր որակի զարգացում Հայաստանում, որի նպատակը գլոբալ մրցունակությունն է եւ տնտեսության փոխակերպումը»,- նշեց փոխնախարարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play