«Սինոփսիս»-ի Հայաստանի մասնաճյուղում մշակվել է<br /> միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր<br /> գործիք<br />


«Սինոփսիս»-ի Հայաստանի մասնաճյուղում մշակվել է
միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր
գործիք

  • 09-04-2009 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրության ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկյան «Սինոփսիս» ընկերության ամենախոշոր ստորաբաժանումներից մեկում` «Սինոփսիս Արմենիա»-ում մշակվել է միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր` «Yield Explorer» գործիքը: Այս մասին ապրիլի 9-ին հայտնեց «Սինոփսիս»-ի կորպորատիվ մարքեթինգի եւ ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի գլխավոր գործադիր Ռիչ Գոլդմանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսանում (ՀՊՃՀ/«Պոլիտեխնիկ») բուհի Կիբեռնետիկայի դեպարտամենտում հաջորդ ուսումնական տարվա սկզբից «Կիսահաղորդչային ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա» մասնագիտական ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, «Yield Explorer»-ը, որը 2009թ.-ի մարտից լավ արդյունքներով կիրառվում է արտադրողների կողմից, թույլ է տալիս զգալիորեն արագացնել եւ արդյունավետացնել միկրոէլեկտրոնային արտադրանքի առաջին խմբաքանակում նախագծման սխալների հայտնաբերումը եւ վերլուծությունը` նվազեցնելով վերանախագծման ծախսերը: Ռ.Գոլդմանը նշեց, որ «Yield Explorer»-ի մշակումով արդարացվեցին «Սինոփսիս»-ի կողմից մի քանի տարի առաջ ամերիկյան «HPL» ընկերության ձեռքբերման հետ կապված սպասելիքները. վերջինիս ճարտարագիտական խոշորագույն կենտրոններից մեկը գտնվում էր Հայաստանում: Նա հավելեց, որ «Yield Explorer»-ը երկրորդ ծրագրային գործիքն է, որ մշակվել է «Սինոփսիս Արմենիա»-ում: Նշվեց, որ «Կիսահաղորդչային ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ մասնագետներ կպատրաստվեն «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեփպարտամենտում մշակված կրթական քառամյա նոր ծրագրով: Ռ.Գոլդմանի խոսքերով, սա ՀՊՃՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող հերթական ծրագրերից մեկն է, որն ուղղված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ հիմնվելով «համալսարան-արդյունաբերություն» համագործակցության կրթական մոդելի վրա` նոր ծրագրի միջոցով հնարավոր կլինի պատրաստել բարձր որակավորմամբ մասնագետներ, ովքեր կհամապատասխանեն կիսահաղորդչային արդյունաբերական ընկերությունների պահանջներին: Այս մասնագիտությամբ հետագայում նախատեսվում է նաեւ ուսուցում կազմակերպել մագիստրոսական եւ ասպիրանտական համակարգերում: Նոր ծրագրի շրջանակներում կկիրառվեն «Սինոփսիս»-ի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ծրագրային գործիքները եւ ուսումնական նախագծային փաթեթները: Ըստ Ո.Մարուխյանի, ՀՊՃՀ-ում «Սինոփսիս»-ի կրթականն ծրագրերը գործում են 2001թ.-ից: Դրանց շրջանակներում անցած տարի բուհը բակալավրիատի 93 շրջանավարտ է ունեցել, իսկ 191 ուսանող այժմ ուսումնառություն է անցնում ընկերության` միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման եւ համակարգերի ամբիոնում: Շրջանավարտներից 10-ն արդեն թեկնածուական ատենախոություն են պաշտանել, եւս 6-ը` կպաշտպանի այս տարի: Նշենք նաեւ, որ «Սինոփսիս-Արմենիա»-ի մշակած կրթական ծրագրի ուսումնական նյութերը հայերենից թարգմանվել են բազմաթիվ այլ լեզուներով եւ դասավանդվում են շատ երկրների` Ռուսաստանի, Չինաստանի, եվրոպական երկրների եւ ԱՄՆ մի շարք համալսարաններում: «Սինոփսիս»-ի համալսարանական ծրագիրը կիրառվում է աշխարհի ավելի քան 450 համալսարաններում: Հայաստանում «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտը համագործակցում է նաեւ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Ռուսաստանում` Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play