Հայաստանի պետբյուջեի մաքսատուրքի գծով մուտքերն աճել են<br /> 0,5%-ով, իսկ պետտուրքինը` նվազել 15,6%-ով<br />


Հայաստանի պետբյուջեի մաքսատուրքի գծով մուտքերն աճել են
0,5%-ով, իսկ պետտուրքինը` նվազել 15,6%-ով

  • 06-04-2009 20:55:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-փետրվարին մաքսատուրքի գծով ՀՀ պետբյուջեի մուտքերը կազմել են շուրջ 4,3 մլրդ դրամ (մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար), որը 0,5%-ով կամ 20,5 մլն դրամով ավելին է 2008թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մաքսատուրքի հաշվին ապահովվել է հարկերի ու տուրքերի ընդհանուր ծավալի 6,3%-ը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, 2009թ.-ի հունվար-փետրվարին պետական տուրքի գծով պետբյուջեի մուտքերը կազմել են շուրջ 2,6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 54%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետտուրքի ծավալը նվազել է 15,6%-ով կամ 480 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների լիցենզավորման, դատարան տրվող հայցադիմումների եւ գանգատների, ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի եւ պետական գրանցման համար գանձվող տուրքերի նվազմամբ: Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են ավելի քան 3,2 մլրդ դրամ` 22,7%-ով կամ 598,1 մլն դրամով գերազանցելով 2008թ.-ի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման եւ խաղատների գործունեության, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով: 2009թ.-ի հունվար-փետրվարին պարզեցված հարկի գծով պետբյուջե է մուտքագրվել 355,1 մլն դրամ, որը 72,6%-ով պակաս է նախորդ տարվա հունվար-փետրվարի ցուցանիշից` պայմանավորված 2009թ.-ի հունվարի 1-ից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ: 2009թ.-ի առաջին երկու ամիսներին ՀՀ պետբյուջե են մուտքագրվել 773,4 մլն դրամ ծավալով բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 36,8%-ով կամ 450,1 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների նվազմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play