Շվեդիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարության<br /> հավակնոտ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում<br />


Շվեդիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարության
հավակնոտ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում

  • 02-04-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը պատրաստ է Շվեդիայի հետ փոխգործակցությունը զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոմիության հետ համագործակցության շրջանակներում: Շվեդիայի Թագավորության առեւտրի հարցերով պետական քարտուղար Գուննար Ուիսլանդերի հետ ապրիլի 2-ի հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով վերջին շրջանում հայ-շվեդական շփումներում նկատվող ակտիվացման միտումները, վարչապետը հույս է հայտնել, որ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության այս այցը եւս կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների առաջընթացին: Ներկայացնելով արդի փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հնարավորություններն ու ծրագրերը, Տ.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Եվրոմիության եւ գործընկեր այլ երկրների ու միջազգային կառույցների օժանդակությամբ Հայաստանին կհաջողվի հաղթահարել ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր, այնպես էլ ավելի երկարաժամկետ զարգացման ընթացքում հնարավոր դժվարությունները: Վարչապետը Եվրոմիության հետ համագործակցության վերջին հաջողություններից է համարել հունվարի 1-ից GSP+ համակարգում Հայաստանի ներգրավումը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, Տ.Սարգսյանն ընդգծել է OMX ֆոնդային բորսայի հետ համագործակցությունը, որը, ըստ նրա, կարեւոր փուլ է Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, հավակնությունների իրականացման գործում: Այդ համատեքստում 2008թ.-ին հունվարին Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարումը հանձնվել է այդ ընկերությանը: Վարչապետը նաեւ հույս է հայտնել, որ OMX-ի հետ փոխշահավետ համագործակցությունը օրինակ կհանդիսանա նաեւ շվեդական այլ ընկերություններին` Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Իր հերթին Գ.Ուիսլանդերը նշել է, որ թեեւ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի Հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը բավական լավ է ընթանում, այդուհանդերձ հնարավորություններն ավելին են: Ողջունելով Հայաստանի հետագա զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության հավակնոտ ծրագրերն ու նախաձեռնությունները, նա հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստակամ է այդ ամենի իրականացման գործում հնարավորինս աջակցելու եւ օժանդակելու Հայաստանին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն