Ս.Գիշյան. Հայաստանի բանկային համակարգը բավալանին լավ է<br /> դիմավորում ճգնաժամը<br />


Ս.Գիշյան. Հայաստանի բանկային համակարգը բավալանին լավ է
դիմավորում ճգնաժամը

  • 26-03-2009 23:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բանկային համակարգը բավականին լավ է դիմավորում ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այս կարծիքը մարտի 26-ին հայտնեց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նրա խոսքերով, այլ երկրների համեմատ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ ճգնաժամը Հայաստան հասավ ոչ թե ֆինանսական, այլ իրական հատվածի միջոցով, եւ ֆինանսական համակարգի վրա ճգնաժամի ազդեցությունն անուղղակի է: «Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, եւ, կարծում եմ, որ այն կդիմանա ճգնաժամի փորձությանը»,-նշեց բանկիրը: Նրա դիտարկմամբ, թեեւ ՀՀ բանկային համակարգում սպառողական վարկավորման ծավալները նվազել են, դրանց տրամադրումը շարունակվում է: Ըստ Ս.Գիշյանի, ճգնաժամի պայմաններում սովորաբար ակտիվանում է լիզինգային ընկերությունների աշխատանքը, ինչը նկատվում է նաեւ «ԱԿԲԱ-Լիզինգ» ընկերության պարագայում: Ներկայումս ընկերության լիզինգային պորտֆելի ծավալը կազմում է 15-16 մլն դոլար: Նշվեց, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ը (www.acba.am) ճգնաժամի հետեւանքով վնասներ չի կրել, եւ հույս կա, որ չի կրի: Ս.Գիշյանը հավելեց, որ բանկի խնդիրն այն է, որ հաճախորդները նույնպես վնասներ չկրեն: ճգնաժամը չի ազդել նաեւ բանկի վարկային պորտֆելի որակի վրա: Բացի այդ, բանկն ստացել է 2009թ.-ի առաջին եռամսյակի համար նախատեսված շահույթները, եւ փորձելու է ստանալ նաեւ ամբողջ 2009թ.-ի համար նախատեսված շահույթը: 2008թ.-ին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ն կնքել էր երկու սինդիկացված վարկային պայմանագրեր: Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տվյալներով, դրանց ընդհանուր 50 մլն դոլար ծավալից ստացվել են 42 մլն ընդհանուր ծավալով տրանշերը: Մնացած մասը բանկը կստանա հետագա վարկավորման կարիքն ունենալու դեպքում: Նշվեց, որ սինդիկացված վարկերը տրամադրվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ամերիկյան «Սիթիբանկ»-ի, հնդկական բանկերից մեկի եւ օտարերկրյա 3-4 այլ ֆինանսական հաստատությունների կողմից: Սինդիդկացված վարկային միջոցներից տեղաբաշխվել է մոտ 50%-ը: Դրանք հիմնականում ուղղվել են Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Ինչ վերաբերում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» եւ այդ բանկի բաժնետեր ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի համագործակցությանը, ապա, Ս.Գիշյանի խոսքերով, «Կրեդիտ Ագրիկոլ»-ի այս օրերին Հայաստանում գտնվող պատվիրակությոնը ՀՀ վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի եւ ֆինանսների նախարարի հետ հանդիպումների ժամանակ հաստատել է, որ «ֆինանսական ճգնաժամը ոչ միայն չի թուլացնի մեր կապերը, այլ, ընդհակառակը, ավելի կուժեղացնի դրանք»: Բանկիրն ընդգծեց, որ երկու բանկերի միջեւ կա փոխադարձ վստահություն, փոխշահավետ համագործակցություն, եւ այն կշարունակվի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play