«Նաիրիտը» մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ<br /> արտադրել,- հավաստիացնում է Հայաստանի էներգետիկայի նախարարը<br />


«Նաիրիտը» մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ
արտադրել,- հավաստիացնում է Հայաստանի էներգետիկայի նախարարը

  • 20-03-2009 20:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» քիմիական գործարանը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտք է շուրջ 1 մլրդ դրամ (մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար), մարտի 20-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարտավորվել է մինչեւ ամսվա վերջը մարել մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու հայցով դիմել էր դատարան` փորձելով «պաշտոնապես պարզել` ինչպիսի ֆինանսական հնարավորություններ ունի» իրենց ամենամեծ սպառողներից մեկը: «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը, ով այսօր գտնվում էր Մոսկվայում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանում պատրաստվում է նոր պայմանագրեր կնքել եւ մարել նախկին պարտքերը: «Գործարանի ակտիվները բազմաթիվ անգամ գերազանցում են այս գումարը, որով փորձ է կատարվում սնանկ հայտարարել գործարանը: Դա ողբերգական գումար չէ»,- ասել է Վ.Մելքոնյանը: Գործարանում էներգակիրների ծախսը կազմում է արտադրվող կաուչուկի ինքնարժեքի մոտ 70 տոկոսը: Գործարանի պարտքն ընդհանուր առմամբ շուրջ 45 միլիոն դոլար է, որից 600 հազար դոլարն աշխատավարձի պարտք է: Սակայն «Հայէլցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Գլադունչիկը թերահավատ է: «Նաիրիտը չի աշխատում, այն գոյատեւում է: Նրա աշխատանքի սկզբունքն է պարզապես մի կերպ գոյատեւել: Խնդիրը հենց դրանում է: Ընդ որում, սա ամենեւին էլ առաջին խափանումը չէ: Որքան որ ես աշխատում եմ նրանց հետ, նրանք միշտ ասում են, որ փող կունենան վաղը: Այդ վաղը տեւում է արդեն 6 տարի»,- ասել է նա: Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի 10 տոկոսի բաժնետերն է: Ըստ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, «Նաիրիտ» գործարանում ստեղծված իրավիճակի պատճառը տնտեսական ճգնաժամն է: «Շրջանառու միջոցները, որոնք դառձել էին արտադրանք, մնացին պահեստներում: Ժամանակ էր պետք, որ գները կայունանային եւ շուկա գտնվեր, որ կարողանային իրացնել»,- նշել է նախարարը: Նա հավաստիացրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 1-ից պարապուրդի մատնված գործարանը մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ արտադրել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play