Ապահովագրական «Յունիռեսո» եւ հանքարդյուանբերական «Գեգամետ»<br /> ընկերությունների ծրագրերի իրականացումն ընթանում է ըստ<br /> ժամանակացույցի<br />


Ապահովագրական «Յունիռեսո» եւ հանքարդյուանբերական «Գեգամետ»
ընկերությունների ծրագրերի իրականացումն ընթանում է ըստ
ժամանակացույցի

  • 19-03-2009 23:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապահովագրական «Յունիռեսո» եւ հանքարդյուանբերական «Գեգամետ» ընկերությունների ծրագրերի իրականացումն ընթանում է ըստ ժամանակացույցի: Ծրագրերի նախաձեռնող «Յունիինվեստ» ընկերության տնօրեն, հայկական «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը, պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցերին` նշեց, որ «Յունիռեսո»-ն կսկսի աշխատել մոտ ժամանակներս: Նրա խոսքերով, ամեն ինչ պատրաստ է ապահովագրական ընկերության աշխատանքն սկսելուն, 2 մլն դոլար ծավալով կապիտալը ներդրվել է: Ներկայումս մշակվում են ընկերության հիմնական ծրագրերը եւ ծառայությունների մատուցման պայմանները: Նշվեց, որ «Յունիռեսո»-ն սկզբնական փուլում կզբաղվի ավտոմեքենաների, անշարժ գույքի եւ սարքավորումների ապահովագրությամբ, իսկ 2010թ.-ից նախատեսվում է մատուցել նաեւ կյանքի եւ առողջության ապահովագրական ծառայություններ: Ըստ Գ.Զաքարյանի, «Գեգամետ»-ի համար ձեռք է բերված սարքավորումների մոտ 30%-ը, ներկայումս իրականացվում է հանքարդյունահանման աշխատանքների եւ կառուցվելիք գործարանի նախագծումը, ՀՀ պատկան մարմիններից ստացվում են ընկերության գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաները եւ թույլտվությունները: «Կարծում եմ, որ 2009թ.-ի ամռանը կսկվի հանքավայրի շահագործումը եւ գործարանի շինարարությունը»,-հայտնեց նա: Հիշեցնենք, որ նշված ծրագրերի իրականացման մեկնարկը տալու մասին հայտարարվել էր 2008թ.-ի նոյեմբերին: «Յունիռեսո»-ի հիմնադիրներն են Գ.Զաքարյանը եւ ռուսաստանյան «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնադիր Սերգեյ Սարկիսովը: Գ.Զաքարյանը նշել էր, որ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում «Յունիռեսո» կանոնադրական կապիտալը ծավալը նախատեսվում է հասցնել 10 մլն դոլարի: «Գեգամետ»-ի ներդրումային ծրագրի արժողությունը 25 մլն ԱՄՆ դոլար է: Այն համատեղ իրականացնում են «Յունիաստրում Բանկ»-ը, «Յունիբանկ»-ը, հայկական «Metta Group» եւ Բրիտանական Վիրջինյան կղզիների «Torront Holdings Limited» ընկերությունները: Ներդրումային նախագիծը ներառում է Շորժայի եւ Ջիլի երկաթ-քրոմի հանքավայրերի շահագործումը, լեռնահարստացման կոմբինատի կառուցումը, հրակայուն աղյուսների /տարեկան 20 մլն հատ հզորությամբ/, ցեմենտի ստացման հավելանյութերի /տարեկան 150 հազար տոննա հզորությամբ/, քրոմի խթանյութի /տարեկան 50 հազար տոննա հզորությամբ/ եւ երկաթաքրոմի /տարեկան 20 հազար տոննա հզորությամբ/ գործարանների շինարարությունը: Հնարավոր է համարվել նաեւ նշված հանքավայրերի հանքանյութից ոսկու եւ պլատինի կորզումը: Նախատեսվում է, որ «Գեգամետ»-ի ծրագրերի իրականացման արդյուքնում կստեղծվի 500 աշխատատեղ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play