«Յունիբանկ»-ը շարունակում է աճի ընթացքը<br />


«Յունիբանկ»-ը շարունակում է աճի ընթացքը

  • 19-03-2009 20:41:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Յունիբանկ»-ը շարունակում է աճի ընթացքը` 7 տարվա հաջող գործունեությունից հետո: 2008թ.-ին բանկին հաջողվել է ամրապնդել դիրքերը Հայաստանի դեպոզիտային եւ վարկավորման շուկաներում. հիփոթեքային վարկավորման ոլորտում «Յունիբանկ»-ը դուրս է եկել 2-րդ տեղ, ֆիզիկական անձանցից ավանդների ներգրավման գծով` 1-ին տեղ, իսկ Հայաստան փոխանցումների ծավալի ավելի քան 50%-ն իրականացվում է «Յունիբանկ»-ի միջոցով: Այս մասին մարտի 19-ի ասուլիոսում հայտնեց «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նա նաեւ նշեց, որ 2009թ.-ի փետրվարին «Յունիբանկ»-ի կապիտալը համալրվել է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարով (3 մլրդ դրամով), ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկում զգում են վարկավորման, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման պահանջարկը, եւ այդ ուղղությամբ ծրագրերի ծավալներն աճելու են: Գ.Զաքարյանի գնահատմամբ, աճելու են նաեւ սննդամթերքի արտադրության, ներմուծումը փոխարինելու ներուժ ունեցող ոլորտների ձեռնարկությունների վարկավորման ծավալները: Բանկի կապիտալի համալրման գործընթացի ավարտից հետո «Յունիբանկ»-ի կանոնադրական կապիտալը կազմել է 8 մլրդ 599,7 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` մոտ 11,5 մլրդ դրամ: Բանկիրի տվյալներով, ներկայումս «Յունիբանկ»-ի կապիտալի համարժեքության մակարդակը 20% է, ինչը բարձր ցուցանիշ է, եւ եթե հետագայում բանկի ակտիվներն աճեն այնքան արագ, որ կապիտալի համարժեքության ցուցանիշը բավարար չլինի, ապա կապիտալի ծավալը կմեծացվի: Բանկի վարչության նախագահ (գործադիր տնօրեն) Վարդան Աթայանը հայտնեց, որ վերջրերս «Յունիաստրում Բանկ»-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ն «Յունիբանկ»-ը ներգրավել է 50 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ստացված ֆինանսական միջոցները բանկը ուղղել է վարկավորման ծրագրերի իրականացմանը: Նշենք նաեւ, որ ընդհանուր պարտավորությունների մեջ ֆիզիկական անձանց ավանդների բաժինը 2008թ.-ի դեկտեմբերի վերջին «Յունիբանկ»-ում կազմել է 62%, եւ այդ ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին դիրքը: Բանկի ֆիզիկական անձանց ավանդների (ցպահանջ պարտավորությունների եւ ժամկետային ավանդների) ծավալը կազմել է 36,6 մլրդ դրամ. այդ ցուցանիշով «Յունիբանկ»-ն զբաղեցրել է երկրորդ տեղը: 2008թ.-ին «Յունիբանկ»-ն սպասարկել է ավելի քան 1,4 մլն հաճախորդի: «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգին բաժին է ընկել Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի 50%-ից ավելին: 2008թ.-ի արդյունքներով, համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան 801 մլն ԱՄՆ դոլար: 2008թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Յունիբանկ»-ում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը հասել է 32 մլրդ 541 մլն դրամի. աճը տարվա ընթացքում կազմել է 27%: Բանկի ակտիվները կազմել են ավելի քան 68 մլրդ 141 մլն դրամ եւ տարվա ընթացքում աճել ավելի քան 49,4%-ով: Ընդհանուր կապիտալն աճել է 25,8%-ով եւ գերազանցել 8 մլրդ 822 մլն դրամը: Բանկի զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 729 մլն դրամ` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: «Յունիբանկ»-ի պարտավորությունները 2008թ.-ին աճել են 53,7%-ով եւ կազմել 59 մլրդ 319 մլն դրամ: Վարկային պորտֆելի աճն այդ տարի կազմել է 17 մլրդ դրամ, ծավալը 2008թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ` 46 մլրդ 691 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play