Հայաստանի ԻՏՁ միությունը եւ ՊԵԿ-ը կմշակեն ՏՀՏ ոլորտիմաքսային ընթացակարգերի պարզեցման օրենսդրական առաջարկներ


Հայաստանի ԻՏՁ միությունը եւ ՊԵԿ-ը կմշակեն ՏՀՏ ոլորտիմաքսային ընթացակարգերի պարզեցման օրենսդրական առաջարկներ

  • 13-03-2009 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մաքսային սահմանին «Գործարքի գնով» մաքսային ձեւակերպումների բաժինն ընդհանուրի մեջ աճել եւ մոտեցել է 60%-ի: Այս մասին մարտի 13-ին անցկացված «Օրենսդրական բարեփոխումներ մաքսային ծառայությունների ոլորտում» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Մաքսային հսկողության վարչության պետ Ալբերտ Հարությունյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Ա.Հարությունյանը թվարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք ընկերություններ, որոնք իրենց ապրանքները ներմուծում են բացառապես ըստ «գործարքի գնի» մաքսային ձեւակերպումներով: ՊԵԿ-ի պաշտոնյան արձագանքեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի նաեւ այն առաջարկին, որ Հարավ Արեւելյան Ասիայի երկրները, մասնավորապես, Չինաստանն, ընդգրկվի այն երկրների ցանկում, որտեղից ՏՀՏ ոլորտի ապրանքների ներմուծման մաքսային ձեւակերպումները կատարվեն ըստ «գործարքի գնի»: Նա նշեց, որ այդ պարագայում խնդիրը ներմուծողների կողմից փաստաթղթերի ճիշտ ձեւակերպման մեջ է: Ա.Հարությունյանը վերաարտահանման ռեժիմով ապրանքների մաքսային ձեւկերպումների իրականացման առումով առանձնացրեց Ռուսաստանից Հայաստան, հետո` Վրաստան, ԱՄՆ-ից Հայաստան, հետո` Իրան, ապրանքների վերաարտահանման խնդիրը, որը լուծելու համար ՀՀ մաքսային իշխանությունները նպատակահարմար են համարում այդ ապրանքները «մաքսային պահեստի» ռեժիմով ձեւակերպելու եղանակը: Բացի այդ, ԻՏՁՄ-ի գործադիր ընօրենն առաջարկեց կրճատել «երկակի նշանակության» ապրանքների ցանկը, անցնել ապրանքների` պետական պատկան մարմնի կողմից այդ նշանակության լինել-չլինելոււ եզրակացությունը մաքսային հսկողության տարածքում եւ ներկայիս մեկ ամսվա փոխարեն 1 օրում տրամադրելուն, ինչպես նաեւ պարզեցնել երաշխիքային սպասարկման համար անհրաժեշտ ապրաքների ներմուծման եւ արտահանման ռեժիմները: Ա.Հարությունյանն, իր հերթին առաջարկեց դիմել ՀՀ կառավարությանը` նշված խնդիրներին առնչվող իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթի մշակման ակնկալիքով: ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Խորհրդի դեկտեմբերի նիստի ժամանակ վարչապետը տվել է նշված խնդիրների լուծմանն ուղղված հանձնարարականներ: Վարչապետին տեղեկացվել է կանադական փորձի մասին, ըստ որի, հիմք է ընդունվում ապրանքի ծագման երկրում դրա «երկակի նշանակության» լինել-չլինելու մասին եզրակացությունը: Ա.Գրիգորյանը ցանկություն հայտնեց, որ այն օրենսդրական մոտեցումները, որոնք, ըստ ՊԵԿ-ի, հնարավոր է կիրառել մաքսային ոլորտում, քննարկվեն, եւ ՏՏ ԶԱԽ-ի մարտի վերջին անցկացվելիք նիստին ներկայացվեն ՀՀ վարչապետին: Ա.Հարությունյանը համաձայնեց ՏՏ ԶԱԽ-ի քարտուղարի առաջարկին: «Կլոր սեղանին» մասնակցեցին նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ տեղեկատվական-հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն