Ըստ Թաթուլ Մանասերյանի, լողացող փոխարժեքին աստիճանական<br /> անցումը չէր վնասի բնակչության գնողունակությանը<br />


Ըստ Թաթուլ Մանասերյանի, լողացող փոխարժեքին աստիճանական
անցումը չէր վնասի բնակչության գնողունակությանը

  • 09-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լողացող փոխարժեքի քաղաքականությանը միանգամից անցումը ճիշտ եւ օբյեկտիվ մոտեցում էր, հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը էական վնասներ էր կրելու, իսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունն արդեն արտացոլվում էր երկրի ֆինանսական շուկայի վրա: Նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը մարտի 9-ին կազմակերպված բանավեճում: ՀՀ Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով, դրամի արժեզրկման համար ստեղծված էին բոլոր օբյեկտիվ պայմանները, սակայն հարցն այն է, թե ինչպես էր դա պետք անել` ատիճանաբա՞ր, թե՞ կտրուկ: Նրա խոսքերով, ըստ պաշտոնական տեսակետի, փուլային անցումն ավելի խիստ էր լինելու, սակայն դրա վերաբերյալ հաշվարկներ հասարակությանը չեն ներկայացվում: «Փոխարենը հասարակության մոտ առաջացել են մի շարք մտահոգություններ, բացասական սպասումներ, լարվածություն»,- նշեց Ա.Մինասյանը: Նա ընդգծեց, որ ԿԲ-ն պետք է հրապարակի, թե որ սուբյեկտներն են այս վիճակից օգտվել եւ 2-3 օրվա ընթացքում իրենց հարստությունը ավելացրել շուրջ 30%-ով: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը անթույլատրելի համարեց դրամի փոխարժեքի պահպանման համար պետբյուջեից առնվազն 700 մլն դոլարի վատնումը: Նրա համոզմամբ, դրամի արժեզրկումը պետք է իրականացվեր աստիճանաբար: Թ.Մանասերյանի խոսքերով, աստիճանական անցման դեպքում պետությունը կկարողանար չվնասել բնակչության գնողունակությանը այն ֆոնի վրա, երբ ապրիլի 1-ից թանկանալու են գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի գները: Նա նշեց նաեւ, որ ստեղծված իրավիճակում կառավարություն պետք է նվազագույն աշխատավարձի շեմը հասցնի 30-40 հազար դրամի: Իսկ այս իրավիճակի համար, ըստ նրա, պատասխանատու է ՀՀ կառավարությունն իր ամբողջ կազմով: Թ.Մանասերյանի համոզմամբ, գործարարների շրջանակից լուրջ ճնշում կա կառավարության վրա, ինչը թույլ չի տալիս գործադիրին ազատ գործել ստեղծված իրավիճակում: «Որպես ապացույց նշեմ, որ նախորդ շաբաթ կառավարությունը ԱԺ-ից հետ է վերցրել այն օրինագիծը, որով առաջարկվում էր ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացնել 15%-ով»,- ասաց Թ.Մանասերյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play