ԱՄՀ-ի կանխատեսումներով այս տարի Հայաստանում կգրանցվի<br /> տնտեսության 1,5% անկում<br />


ԱՄՀ-ի կանխատեսումներով այս տարի Հայաստանում կգրանցվի
տնտեսության 1,5% անկում

  • 03-03-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները Հայաստանում իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրել են, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն, այնուամենայնիվ, իր բացասական ազդեցությունն ունենում է Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին մարտի 3-ի ասուլիսում հայտնեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, ԱՄՀ-ի կանխատեսումներով այս տարի Հայաստանում կգրանցվի տնտեսության 1,5% անկում: Ըստ Ն.Օմեսի, նախորդ տարի 2007թ.-ի համեմատ 44%-ով նվազել են Հայաստանից արտահանման ծավալները: Եթե նախկինում մասնավոր տրանսֆերտների ծավալը տարեկան 35%-ով աճում էր, ապա այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք 25%-ով նվազել են: Դա, Ն.Օմեսի խոսքերով, հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում առկա լուրջ տնտեսական խնդիրներով, իսկ Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական մասը հենց այդ երկրից է: Ըստ ԱՄՀ-ի ներկայացուցչի, Հայաստանի վրա բացասաբար է անդրադառնում նաեւ համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկումը: «Հայաստանում ՀՆԱ-ի աճը զգալիորեն դանդաղել է. 2007թ.-ի 14%-ի դիմաց 2008թ.-ին այն կազմել է 7%: Մինչեւ տարեվերջ կանխատեսում ենք 8% սղաճ, ինչն այնքան էլ վատ ցուցանիշ չէ»,- ասաց Ն.Օմեսը: Նա ընդգծեց, որ այս պայմաններում շատ կարեւոր է միջազգային կառույցների օժանդակությունը: Նշենք, որ ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին առաջարկելու է հաստատել Հայաստանին 540 մլն դոլար վարկ տրամադրելու ծրագիրը: Ն.Օմեսի խոսքերով, եթե խորհուրդը մարտի 6-ին այդ առաջարկն ընդունի, ապա Հայաստանին արդեն հաջորդ շաբաթ շուրջ 239 մլն դոլար վարկ կտրամադրվի: Այն կհատկացվի 3 տարի արտոնյալ, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով: Կկիրառվի հատուկ փոխառության իրավունքի տոկոսադրույքը` 1,54%: Վարկը հատկացվելու է ՀՀ Կենտրոնական բանկին` արտարժութային պահուստները համալրելու նպատակով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play