«Սինոփսիս»-ի փոխնախագահն իր նոր դասախոսությունն առաջին<br /> անգամ ներկայացրեց Հայաստանում<br />


«Սինոփսիս»-ի փոխնախագահն իր նոր դասախոսությունն առաջին
անգամ ներկայացրեց Հայաստանում

  • 26-02-2009 22:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհում կիսահաղորդչային էլեկտրոնային սարքերի մտավոր սեփականության վաճառքի ծավալները 2009թ.-ին կնվազեն շուրջ 200 մլն դոլարով կամ 22%-ով: Այս կանխատեսումը փետրվարի 26-ին արեց կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության մշակման ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկյան «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ եւ դրա մասնաճյուղ «Սինոփսիս Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանդես գալով դասախոսությամբ: Դրա թեման էր «Կիսահաղորդաչային տնտեսության ներկա ճգնաժամի պայմաններում ինտեգրալ սխեմաների նախագծերի ստուգման դերն ու կարեւորությունը», որն առաջին անգամ էր ներկայացվում հանրությանը: Ռ.Գոլդմանը նշեց, որ կիսահաղորդիչների նախագծման գներն անընդհատ աճում են, եւ մեծանում են այդ ուղղությամբ ծախսվող գումարների վերադարձի ռիսկերը. ներկայումս բյուրեղների վրա տիպական չիփ-համակարգի նախագծման գինը ներկայումս 100 մլն դոլար է: Ըստ նրա, նախագծման գնի աճը պայմանավորված է ծրագրային ապահովման եւ նախագծերի ստուգման ծախսերի աճով: Կանխատեսվեց, որ կիսահաղորդիչների նախագծերի ստուգման գինը գալիք 7 տարիներին կաճի 75%-ով, եւ «Սինոփսիս»-ը նախատեսում է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները: Ըստ ընկերության պաշտոնյանի, մեծանում է նաեւ նախագծման «սխալների գինը»: Նշվեց, որ 2008թ.-ին կիսահաղորդչային սարքերի նախագծման գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ ներդրումների վերադարձի ծավալը ներդրումների չափը գերազանցել է 9 անգամ: Մասնավորապես, 32 նանոմետր տեխնոլոգիայով սարքերի նախագծման համար 100 մլն դոլար ներդրման դեպքում վերադարձի ծավալը կարող է կազմել 400 մլն դոլար: Ընդ որում, միտումն այնպիսին է, որ այդ սարքերի ծրագրային ապահովման մշակման գնի բաժինը մեծանում է` աստիճանաբար հավասարվելով բուն սարքերի նախագծման գնին` կապված դրանք տարբեր տիպի սարքավորումներում օգտագործելու հնարավորությունների ընդլայնման պահանջարկի մեծացման հետ: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցերին, Ռ.Գոլդմանը նշեց, որ Հայաստանում է երկօրյա այցով, դասախոսությամբ հանդես է գալու նաեւ Երեւանի պետական համալսարանում, հանդիպումներ է ունենալու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականի, այս տարի «Սիլիկոնային հովտում» անցկացվելիք բարձր տեխնոլոգիաների համահայկական «Արմթեք 2006» երրորդ համաժողովի Հայաստանի կազմկոմիտեի անդամների հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play