ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ<br />


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

  • 12-01-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Վրաստանի գրողների միությունների միջեւ մոտ օրերս կստորագրվի առաջիկա մի քանի տարիների համագործակցության նոր ծրագիր: Այս մասին հունվարի 12-ին «Ուրբաթ» ակումբում Վրաստանի Գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու հետ համատեղ ասուլիսում հայտնեց Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը: Ըստ նրա, վերջին տարիներին արդեն քայլեր են ձեռնարկվել հայ-վրացական գրական կապերը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանում եւ Վրաստանում 2006թ.-ին անցկացվել են հայ եւ վրացական պոեզիայի օրեր: Նշվեց, որ այս տարի վրացերենով կհրատարակվի «Հայ պոեզիայի անթոլոգիան», իսկ հայերենով` «Վրաց պոեզիայի անթոլոգիան»: ՀԳՄ-ի նախագահը հայտնեց, որ ոչ միայն վերականգնվել են վրաց, այլեւ ռուս եւ պարսիկ գրողների հետ գրական կապերը: Ըստ նրա, այս տարի կկազմակերպվեն հայ գրողների հանդիպումներ ուկրաինացի, ռումինացի եւ լիբանանցի գործընկերների հետ: Երկու երկրների գրողների միություննների նախագահներն անդրադարձան նաեւ հանրակրթական դպրոցներում գրականության դասավանդման հարցին: Լ.Անանյանի խոսքերով, հայկական դասագրքերում ժամանակակից գրականությունը անտեսված է, եւ այդ պատճառով աճող սերունդը ծանոթ չէ հայ ժամանակակից գրողներին: Լ.Անանյանի կարծիքով, եթե այդպես շարունակվի, ապա «բարեփոխումների եվրոպականացմանը տրվելով կկորցնենք մեր ազգային դպրոցի ավանդույթները»: Ըստ Մ.Գոնաշվիլու, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի դպրոցական դասագրքերում ընդգրկված են վրաց ժամանակակից գրողների գործերը:
Նոյյան տապան  -   Մշակույթ