ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br /> ԿՍԿՍՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ<br />


ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿՍԿՍՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

  • 29-11-2006 16:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության քննության ընթացքում սուտ մատնության փաստով գործի դատավարությունը կսկսվի դեկտեմբերի 18-ին` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի նախագահությամբ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը տեղեկացավ դատարանի նախագահի գրասենյակից: Հիշեցնենք, որ Շ.Հովասափյանի սպանության գործի քննության ընթացքում բացահայտվել է, որ վրեժ լուծելու նպատակով ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերլիազոր Գեւորգ Գեւորգյանը սուտ մատնություն է կատարել եւ սպանության մեջ մեղադրել Սահակ Արսենյանին եւ Ժիրայր Հայրապետյանին: Նախնական համաձայնության գալով ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի պետի տեղակալ, կապիտան Արտավազդ Մելիքյանի հետ, Գ.Գեւորգյանը պատրաստել է անստորագիր նամակ քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնին հանձնելու համար. նամակում նշվել են Ս.Արսենյանի եւ Ժ.Հայրապետյանի կողմից Էդուարդ Շաթիրյանից պայթուցիկ սարք ձեռք բերելու եւ սպանություն կատարելու ենթադրյալ հանգամանքները: Շ.Հովասափյանի սպանությանը հաջորդած օրերին այդ նամակը Գ.Գեւորգյանը գցել է Իտալիայի դեսպանատան փոստարկղը: Իսկ Ա.Մելիքյանն էլ սուտ տեղեկատվություն է նշել ինֆորմացիայի աղբյուրի վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Գեւրգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 268 հոդվածի 1-ին եւ 271 հոդվածի 1-ին մասերով, իսկ Ա.Մելիքյանին` 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նոյյան տապան  -   Հասարակություն