ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐՁՅԱԼ
ՀԵՏԱՁԳՎԵՑ
21-11-2006 19:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնեական անձի
օրենքին հակասող ակտը անվավեր ճանաչելու մասին ՀՀ Ազգային Ժողովի
իրավաբանական ծառայության նախկին պետ Սուրեն Մամիկոնյանի
հայցադիմումի հիման վրա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 21-ի դատական նիստը հետաձգվեց
մինչեւ դեկտեմբերի 6-ը: Նիստի հետաձգման պատճառը դարձյալ այն էր,
որ պատասխանող կողմը դիմող կողմի միջնորդությամբ պահանջվող ոչ լրիվ
փաստաթղթերն էր ուղարկել:
Հիշեցնենք, որ Ս.Մամիկոնյանը վիճարկում է հուլիսի 31-ին ԱԺ
աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի կողմից շրջանառության մեջ
դրված ծանուցագրի օրինականությունը: Այդ ծանուցագրով դիմումատուն
ծանուցվել է, որ աշխատակազմում նախատեսվում է հաստիքների կրճատում
եւ հոկտեմբերի 2-ից ինքն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Ս.Մամիկոնյանը
տարակուսանք հայտնեց «անհեռատես, ապօրինի» գործընթացի` ԱԺ
իրավախորհրդատվական ծառայության լուծարման կապակցությամբ: Ըստ նրա,
ամիսներ ի վեր ԱԺ փոխնախագահի թափուր մնացած պաշտոնն է ավելորդ,
այլ ոչ թե իրավաբանական ծառայությունը: