ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՐԳԱՆԴԻ ՎԶԻԿԻ ՔԱՂՑԿԵՂԻ<br /> ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՃ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՐԳԱՆԴԻ ՎԶԻԿԻ ՔԱՂՑԿԵՂԻ
ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՃ

  • 13-11-2006 17:17:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության աճ: Այս հիվանդությունը հիմնականում` մոտ 50%-ով, ախտորոշվում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Հանրապետությունում տարեկան այս հիվանդության մոտ 200 նոր դեպք է արձանագրվում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը, Հայաստանում թեեւ արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության հաճախականությունն այլ երկրներից շատ չի տարբերվում, սակայն նկատվում է բարձիթողի վիճակների աճ: Այսինքն, աճել է այն դեպքերի թիվը, երբ հիվանդը ուշացած է դիմել բժշկին: Այսպես, եթե 2003թ.-ին նման դեպքերը կազմել են 46,9%, ապա 2004թ.-ին` 47,4%: Գ.Ավագյանը նշեց, որ հանրապետությունում կանանց մահացության պատճառների մեջ արգանդի վզիկի քաղցկեղը գրավում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո: Գ.Ավագյանի խոսքերով, այս քաղցկեղը միակն է, որը կարելի է կանխարգելել, իսկ հայտնաբերման դեպքում` բուժել: Ըստ նրա, այս հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս միայն հիվանդության զարգացման գրեթե վերջին փուլում: Գ.Ավագյանի դիտարկմամբ, եթե կինը գոնե 10 տարին մեկ անգամ հետազոտվի, ապա արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածությունը երկրում կարելի է կրճատել 60%-ով, 3 տարին մեկ անգամ հետազոտվելու դեպքում` 90%-ով: Գ.Ավագյանը նշեց, որ «Արգանդի վզիկի քաղկցեղի կանխարգելման ազգային ռազմավարության 2006-2015թթ. ծրագրի» շրջանակում այս տարվանից սկսած 30-50 տարեկան կանանց երեք տարին մեկ անգամ հնարավորություն է տրվում անվճար հետազոտվել այս հիվանդությունը կանխելու կամ բուժելու նպատակով: Նշվեց նաեւ, որ նույն ծրագրով նախատեսվում է մինչեւ 2010 թ.-ը այս հիվանդությունը կրճատել 30%, մահացությունը` 25%, բարձիթողի վիճակները` 50%-ով: Տեղեկացվեց նաեւ, որ աշխարհում ամեն տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 437 հազար նոր դեպք, իսկ 240 հազար կին մահանում է այս հիվանդությունից:
Նոյյան տապան  -   Հասարակություն