ԼԵՀԵՐԸ ՈՒՆԵՆ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ<br /> ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԿԱՐԾՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ՄԱՐՇԱԼԸ<br />


ԼԵՀԵՐԸ ՈՒՆԵՆ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԿԱՐԾՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ՄԱՐՇԱԼԸ

  • 07-11-2006 17:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005 թվականին Լեհաստանի Սեյմում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ հայ համայնքի հանդեպ մշտապես ցուցաբերվող ազնիվ ու բարյացակամ վերաբերմունքի համար Լեհաստանի Հանրապետության իշխանություններին իր գնահատանքն է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոյեմբերի 7-ին ընդունելով Լեհաստանի Հանրապետության Սենատի Մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը` ՀՀ ԱԺ ներկայացուցիչների եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ, Նորին Սրբությունը շնորհավորել է Բ.Բորուսեւիչին նոյեմբերի 11-ի Լեհաստանի Անկախության օրվա առիթով` մաղթելով լեհ աստվածասեր ժողովրդին խաղաղ եւ բարօր կյանք: «Նման այցելությունները գալիս են նպաստելու մեր երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների սերտացմանը»,- ընդգծել է Նորին Սրբությունը` անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը եւ երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցությանը: Բ.Բորուսեւիչը, խոսելով լեհ-հայկական դարավոր հարաբերությունների մասին, նշել է Լեհաստանի պատմության մեջ հայերի կարեւոր ներդրման մասին: «Ճիշտ է ներկայիս մեր հարաբերություններն այդչափ սերտ չեն, ինչպես անցյալում, սակայն համակրանքը Հայաստանի եւ հայերի հանդեպ պահպանվում է...: Մենք հոգեւոր կապ ենք զգում հայ ժողովրդի հետ, ունենք նաեւ պատմական նմանության զգացում»,- նշել է Սենատի Մարշալը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է Լեհաստանում ապրող հայ համայնքի հոգեւոր եւ եկեղեցական կյանքի կազմակերպման խնդրին: Բ.Բորուսեւիչը տեղեկացրել է, որ առաջիկայում Լեհաստանի իշխանությունները պաշտոնապես կգրանցեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եւ համայնքը: Հանդիպմանը խոսվել է նաեւ երկու ժողովուրդների կյանքում իրենց եկեղեցիների կարեւոր առաքելության մասին:
Նոյյան տապան  -   Հասարակություն