ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԳՐՔԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
27-10-2006 15:43:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին
հայաստանյան հրատարակչությունների մասնակցությունը տարբեր
միջազգային ցուցահանդեսներին ավելի հաճախակի է դարձել: Ինչպես
հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Մշակույթի եւ
երիտասարդության հարցերի նախարարության Հրատարակչական գործի
գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը, բացի Մոսկվայի եւ
Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին
մասնակցությունից, գործակալության եւ հայաստանյան մի շարք
հրատարակչությունների աջակցությամբ հրատարակված գրքերը ներկայացվել
են ԱՄՆ-ում, Բելգիայում, Հունաստանում, Շվեդիայում, Թուրքիայում`
արժանանալով այցելուների ուշադրությանն ու բարձր գնահատանքին:
Է.Միլիտոնյանն ընդգծեց, որ այդ ցուցահանդեսների միջոցով ոչ միայն
ներկայացվում եւ պրոպագանդվում է հայ գրականությունն ու մշակույթը,
այլեւ գործնական կապեր են հաստատվում հայ եւ օտարազգի
հրատարակիչների միջեւ:
Ըստ Է.Միլիտոնյանի, վերջին տարիներին ավելացել է նաեւ
պետպատվերով հրատարակվող գրքերի քանակը. միայն 2004-2005թթ.-ին
տպագրվել է 261 անուն պատմագիտական, հանրագիտարանային,
գեղարվեստական, մանկական եւ այլ գրքեր: Նշվեց նաեւ, որ ՀՀ
կառավարությունը 20 մլն դրամ է (մոտ 50 հազ. ԱՄՆ դոլար) տրամադրել
հայերեն գրականությունը տարբեր լեզուներով թարգմանելու համար:
Ժամանակակից հայ արձակն արդեն հրատարկվել է ռուսերեն, անգլերեն,
ֆրանսերեն լեզուներով, իսկ առաջիկայում` նաեւ պարսկերենով եւ
իսպաներենով:
Գործակալության պետն հայտնեց, որ հայ հրատարակիչները
նախատեսում են հաջորդ տարի Հայաստանում անցկացնել գրքի միջազգային
ցուցահանդես: Նշվեց նաեւ, որ առաջարվել է 2007թ.-ը Հայաստանում
հայտարարել պատանի ընթերցողների տարի: