ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԳՐՔԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԳՐՔԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 27-10-2006 15:43:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությունը տարբեր միջազգային ցուցահանդեսներին ավելի հաճախակի է դարձել: Ինչպես հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը, բացի Մոսկվայի եւ Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին մասնակցությունից, գործակալության եւ հայաստանյան մի շարք հրատարակչությունների աջակցությամբ հրատարակված գրքերը ներկայացվել են ԱՄՆ-ում, Բելգիայում, Հունաստանում, Շվեդիայում, Թուրքիայում` արժանանալով այցելուների ուշադրությանն ու բարձր գնահատանքին: Է.Միլիտոնյանն ընդգծեց, որ այդ ցուցահանդեսների միջոցով ոչ միայն ներկայացվում եւ պրոպագանդվում է հայ գրականությունն ու մշակույթը, այլեւ գործնական կապեր են հաստատվում հայ եւ օտարազգի հրատարակիչների միջեւ: Ըստ Է.Միլիտոնյանի, վերջին տարիներին ավելացել է նաեւ պետպատվերով հրատարակվող գրքերի քանակը. միայն 2004-2005թթ.-ին տպագրվել է 261 անուն պատմագիտական, հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական եւ այլ գրքեր: Նշվեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է (մոտ 50 հազ. ԱՄՆ դոլար) տրամադրել հայերեն գրականությունը տարբեր լեզուներով թարգմանելու համար: Ժամանակակից հայ արձակն արդեն հրատարկվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով, իսկ առաջիկայում` նաեւ պարսկերենով եւ իսպաներենով: Գործակալության պետն հայտնեց, որ հայ հրատարակիչները նախատեսում են հաջորդ տարի Հայաստանում անցկացնել գրքի միջազգային ցուցահանդես: Նշվեց նաեւ, որ առաջարվել է 2007թ.-ը Հայաստանում հայտարարել պատանի ընթերցողների տարի:
Նոյյան տապան  -   Մշակույթ