ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ<br /> 60-ԱՄՅԱԿԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
60-ԱՄՅԱԿԸ

  • 26-10-2006 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) 60 տարեկան է: Գեղանկարիչների եւ քանդակագործների տասնյակ սերունդներ դաստիարակած եւ կրթած այս բուհը հիմնադրել է ակադեմիկոս, քանդակագործ Արա Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմի ավարտից անմիջապես հետո` 1945թ.-ի հունիսին: Ինչպես հոկտեմբերի 26-ի ասուլիսում նշեց բուհի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը, Գեղարվեստի ակադեմիայի 60-ամյակը պետք է նշվեր դեռեւս անցյալ տարի, սակայն քանի որ բուհի շենքը գտնվում էր չափազանց վատ վիճակում, որոշվեց հոբելյանական միջոցառման անցկացումը հետաձգել: Ա.Իսաբեկյանի խոսքերով, արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները, եւ շուտով հանդիսավոր պայմաններում կնշվի բուհի հոբելյանը: Ակադեմիայի 60-ամյակի կապակցությամբ, հոկտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ԵԳՊԱ-ի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: Նույն օրը տեղի կունենա նաեւ հանդիսավոր նիստ, իսկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ: Բացի այդ, բուհի մուտքի մոտ կտեղադրվի ԵԳՊԱ-ի առաջին ռեկտոր Արա Սարգսյանի հարթաքանդակը: Ա.Իսաբեկյանը հայտնեց, որ ներկայումս ԵԳՊԱ-ն ունի 900 ուսանող, որոնցից 690-ը սովորում են Երեւանում, իսկ մնացածը` Դիլիջանի եւ Գյումրիի մասնաճյուղերում: Նա նշեց, որ իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում բուհն ունեցել է մեծ ձեռքբերումներ, մասնավորապես ուսանողների թվաքանակի ավելացման առումով. 15 տարի առաջ բուհում սովորում էր 340 ուսանող: ԵԳՊԱ-ի վերջին ձեռբերումներից է նաեւ Փարիզի կենտրոնում բուհի համար գնված նոր արվեստանոցը, ուր ուսանողները կանցկացնեն իրենց պրակտիկան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play