ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԳՐԵԹԵ
ԲՈԼՈՐ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԻՆ,- ԱՍՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ
24-10-2006 19:40:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոչ միայն խորհրդային
տարիներին, այլեւ այսօր էլ Հայաստանում պարբերաբար թարգմանվում են
ֆրանսիական գրականության նմուշներ: Սակայն, ինչպես հոկտեմբերի
24-ին Հայաստանի Գրողների միությունում (ՀԳՄ) կազմակերպված
թարգմանական գրականությանը նվիրված միջոցառման ժամանակ նշեց
թարգմանիչ, գրականգետ Ալեքսանդր Թոփչյանը, Ֆրանսիայում Հայաստանի
տարվա կապակցությամբ Հայաստանում անցկացվելու են արվեստի բոլոր
ճյուղերին նվիրված միջոցառումներ, բացի գրականությունից:
Ըստ Ալ.Թոփչյանի, ֆրանսիական գրականությունը իր ունեցած
առնչություններով անմիջական ազդեցություն է ունեցել բոլոր ազգերի,
այդ թվում եւ հայ գրողների ստեղծագործությունների վրա: Նա նշեց
նաեւ, որ վերջին տարիներին հայերենով թարգմանվում են նաեւ Սփյուռքի
տարբեր գաղթօջախներում ապրող 100-ից ավելի օտարագիր հայ գրողների
գործեր: «Թարգմանությունների շնորհիվ Հայաստանում ճանաչում են
ֆրանսիացի գրողներին: Ժամանակն է, որպեսզի նրանց հետ միասին
ճանաչենք նաեւ օտարագիր հայ գրողներին»,- նշեց Ալ.Թոփչյանը:
ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, ոչ միայն ֆրանսիական,
այլեւ եվրոպական եւ ամերիկյան գրականությունը հայ ընթերցողին
հիմնականում ներկայացվել է «Գարուն» ամսագրի միջոցով: Ըստ նրա,
անկախության տարիներին «Գարուն»-ի գործը շարունակել է «Ապոլլոն»
հրատակաչությունը, որը տպագրել է 25 հատորից բաղկացած թարգմանական
մատենաշար, որում ընդգրկվել են Քամյուի, Ֆոլկների, Ռեմբոյի եւ
այլոց գործերը: Լ.Անանյանը նշեց, որ ֆրանսիական գրականության
արժեքավոր նմուշների հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնելու
գործում հատկապես զգալի ավանդ ունի Ալ.Թոփչյանը, որի թարգմանական
ժառանգությունը կազմում է շուրջ 50 անուն գիրք: