ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ<br /> ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ,- ԱՍՈՒՄ Է «Ա1+»-Ի<br /> ԽՄԲԱԳԻՐԸ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ,- ԱՍՈՒՄ Է «Ա1+»-Ի
ԽՄԲԱԳԻՐԸ

  • 20-10-2006 16:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի վերջին նախագիծը վկայում է, որ տեղեկատվության ազատության կայացմանը նպաստելու ուղղությամբ Հայաստանում ռազմավարական առումով էական ոչինչ չի արվում: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 20-ին «Հայկական ԶԼՄ-ները 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր "Article 19" միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը: Ըստ Ա.Հարությունյանի, այս ոլորտին վերաբերող ամեն մի նոր օրինագիծ պետք է առաջընթացի մեկ հաստատուն քայլ հանդիսանա տեղեկատվության ազատության ապահովման հարցում: Սակայն, շրջանառության մեջ դրավծ օրինագիծն ի զորու չէ դառնալու այդպիսին: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ բավարար չէ խոսքի ազատության թեմային անդրադառնալ միայն ընտրությունների նախաշեմին. այդ ուղղությամբ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք տանել: Ա.Հարությունյան նաեւ համոզմունք հայտնեց, որ միայն քաղաքական բազմակարծություն ապահովելու դեպքում հնարավոր կլինի բարձրացնել հասարակության տեղեկացվածության աստիճանը: «Ա1+» էլեկտրոնային թերթի խմբագիր Մեսրոպ Մովսիսյանի խոսքերով, «եթե մի որեւէ երկրում շատ է խոսվում մամուլի ազատության մասին, նշանակում է` երկիրն ունի լուրջ հիմնախնդիրներ այդ ոլորտում»: Ըստ նրա, «2003թ.-ի ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների «դառը փորձը» ցույց տվեց, որ Հայաստանում բազմակարծությունը ձեւական բնույթ է կրում. իրադարձությունների միակողմանի լուսաբանումը սովորական երեւույթ է դարձել»: Մ.Մովսիսյանն ընդգծեց, որ ըստ իր դիտարկումների, այսօր հայ հասարակությունը «շուկայում լսած լուրերին ավելի շատ է հավատում, քան թե հեռուստատեսությամբ հաղորդված պաշտոնական տեղեկատվությանը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն