207 ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ԶԲԱՂՎԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11-10-2006 20:30:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 20-ին ՀՀ
Փաստաբանների պալատի խորհրդի նիստում կամփոփվեն փաստաբանական
գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար անցկացված
որակավորման քննությունների վերջնական արդյունքները: Այս մասին
հոկտեմբերի 11-ի ասուլիսում հայտնեց Պալատի նախագահ, փաստաբան
Ռուբեն Սահակյանը: Ըստ նրա, արդեն իսկ 207 հավակնորդներ ստացել են
քննության վկայագիր եւ կարող են դիմել Պալատին փաստաբանական
գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար:
Ռ.Սահակյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, նշեց որ
Հայաստանում շատ քիչ է փաստաբանների թիվը, միաժամանակ շատ ցածր է
փաստաբանների իմիջը: Ըստ Պալատի նախագահի, որքան նրանք ակտիվ եւ
անաչառ լինեն, չմտածեն իրավապահ այս կամ այն մարմնի եւ իրենց
պաշտպանյալի միջեւ միջնորդ լինելու մասին, նրանց պահանջը կմեծանա:
Ռ.Սահակյանը նշեց, որ փաստաբանների շրջանում լուրջ
դժգոհություն կա այն հարցի կապակցությամբ, որ վճռաբեկ դատարանը
կարող է ընդունել կամ չընդունել քննության նրանց դիմումները: Ընդ
որում, դիմումը կարող է ընդունվել կամ չընդունվել ոչ հստակ` «եթե
դատական ակտը ունեցել է ծանր հետեւանքներ», հիմնավորմամբ: Սակայն,
բացարձակապես պարզ չէ, թե որոնք են համարվում «ծանր հետեւանքները»,
ինչը, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, կոռուպցիայի
հնարավորություն է ստեղծում: