ԿԻՄ ԲԱԿՇԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՌՀՀ-Ի «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ»<br />


ԿԻՄ ԲԱԿՇԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՌՀՀ-Ի «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ»

  • 04-10-2006 19:12:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշիի հետ հոկտեմբերի 3-ին Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում (ՌՀՀ) կազմակերպված հանդիպման համար առիթ է ծառայել գրողի հերթական, վեցերորդ գիրքը Հայաստանի, հայ մշակույթի եւ պատմության մասին «Սառեցված ժամանակ» խորագրով, որ լույս է տեսել Մոսկվայում: Կ.Բակշին Հայաստանի մասին վեց գրքերի հեղինակ է: Նրա սցենարներով նկարահանվել են 50-ից ավելի վավերագրական եւ գիտահանրամատչելի ֆիլմեր, այդ թվում բազմամասանոց «Մատենադարան» վավերագրական ֆիլմը, որ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Ըստ ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի, գրողն այնքան խորն է թափանցել հայկական հոգու մեջ, այնքան վառ եւ տաղանդավոր է ներկայացրել Հայաստանը ռուս ընթերցողին, որ բնական կլիներ Կ.Բակշիին կոչել Վալերի Բրյուսովի գործի մեծ շարունակող 20-րդ եւ 21-րդ դարերում: «Կարող ենք պնդել, որ Կ.Բակշին իր գործունեությամբ մեծապես նպաստել է այն բանին, որ ռուսալեզու ընթերցողը սկսել է հասկանալ մեր պատմությունը, մեր մշակույթը եւ կրոնը»,- նշեց Ա.Դարբինյանը: Իր հերթին Կ.Բակշին նկատեց. «Ես գրում եմ առաջին հերթին իմ հոգու համար... Ես նաեւ գրում եմ հատկապես այն ժողովրդի համար, որի մեջ ապրում եմ, քանի որ համարում եմ, որ այն հոգեւոր արժեքները, այն հարստությունները, որ կան հայ ժողովրդի մեջ, հայոց պատմության մեջ, պետք է ընդունված, հասկացված լինեն եւ սպառազինության վերցվեն իմ սեփական ժողովրդի կողմից: Կցանկանայի, որպեսզի հայ ժողովրդի շատ գծեր ընկալվեին եւ մեր ժողովրդի կողմից, քանի որ միշտ համարել եմ, որ հայ ժողովուրդը շատ աշխատասեր է, կիրթ եւ հոգեպես հարուստ»: Նշենք, որ բազմամյա անձնուրաց լուսավորական գործունեության, հին հայկական մագաղաթների ուսումնասիրության արգասաբեր աշխատանքի, հայոց պատմության եւ մշակույթի ժողովրդականացման գործում վիթխարի ավանդի համար Կ.Բակշին պարգեւատրվել է ՌՀՀ-ի «Պատվո շքանշանով»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play