ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ

  • 03-10-2006 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում տարեցտարի աճում է սենյակային եւ պարտեզային դեկորատիվ բույսերի պահանջարկը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց «Մամա ֆլորա» այգեգործական կենտրոնի կոմերցիոն տնօրեն Ստեփան Սաֆարյանը, դա պայմանավորված է բնակչության սոցիալական վիճակի բարելավմամբ: Նրա խոսքերով, կենտրոնի կողմից վաճառքի հանվող բույսերը, որոնց նվազագույն եւ առավելագույն գները կազմում են, համապատասխանաբար, 1,2 հազար եւ 72 հազար դրամ (մոտ 180 ԱՄՆ դոլար), հիմանականում ներկրվում են Հոլանդիայից, Թուրքիայից, Իրանից, Չինաստանից եւ մի շարք այլ երկրներից: Բույսերի գնային տատանումները սեզոնային բնույթ ունեն: Նշվեց նաեւ, որ բույսերի արմատամանների (ծաղկամանների) մի մասը ներմուծվում է արտերկրից, իսկ մյուս մասը ձեռք է բերվում տեղական արտադրողներից: Ըստ Ս.Սաֆարյանի, «Մամա ֆլորա» այգեգործական կենտրոնը փորձում է որոշ արեւադարձային բույսեր աճեցնել Հայաստանում: Թեեւ կենտրոնում աճեցրած արեւադարձային սենյակային եւ պարտեզային դեկորատիվ բույսերը իրենց գներով չեն զիջում ներմուծվածներին, սակայն առայժմ ունեն ավելի ցածր որակ: «Մամա ֆլորա» այգեգործական կենտրոնը գործում է մոտ 10 տարի: Սկզբում այն գործում էր «Բրաբիոն ֆլորա սերվիս»-ի կազմում, իսկ այժմ` ինքնուրույն:
Նոյյան տապան  -   Հասարակություն