87 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ<br /> ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ<br />


 

87 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ

  • 25-08-2006 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
 ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 87 տարեկան հասակում օգոստոսի 25-ին վախճանվել է հայ մեծանուն բանաստեղծուհի, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, պետական մրցանակների դափնեկիր Սիլվա Կապուտիկյանը: Բանաստեղծուհու մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետի նախագահությամբ: Ս. Կապուտիկյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: Ս. Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երեւանում: Նրա հեղինակած ստեղծագործությունների առաջին գրքույկը հրատարակվել է 1944թ.: Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում ռուսերենով հրատարակվել է նրա ավելի քան 20 ժողովածու: Բացի ԽՍՀՄ եւ ՀՀ պետական մրցանակներից, նա նաեւ 1989թ. Հռոմում արժանացել է Նոսիդեի անվան միջազգային մրցանակի: 1975-80թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Հետագայում եւս ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի հասարակական կյանքում: Ի նշան 2004թ. ապրիլին Երեւանի Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի մասնակիցների հանդեպ կիրառված բռնությունների դեմ բողոքի, անվանի բանաստեղծուհին վերադարձրել է ՀՀ նախագահի կողմից իրեն շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը: Մեծանուն բանաստեղծուհու մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ նրա պոեզիայի բոլոր երկրպագուներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ