ՊԱՏՃԱՌԸ ՓՆՏՐԵՔ ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐԱՑԻՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԼՈԲԲԻԻ ՈՒԺԻ<br /> ՄԵՋ<br />


ՊԱՏՃԱՌԸ ՓՆՏՐԵՔ ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐԱՑԻՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԼՈԲԲԻԻ ՈՒԺԻ
ՄԵՋ

  • 10-08-2006 14:45:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան Քանի որ վերջին տարիներին ամերիկահայերը ավելի կազմակերպված են դարձել իրենց քաղաքական նպատակները հետապնդելիս, անընդհատ խոսվում է «հայկական հզոր լոբբիի» մասին: Դրա ամենաթարմ օրինակը Ջուլի Քորվինի հաղորդումն էր «Ազատություն» ռ/կ-ի օգոստոսի 2-ի եթերում` վերնագրված «Աղմուկը [դեսպանի] հաստատման շուրջ ցույց է տալիս սփյուռքի լոբբիների ուժը»: «Ազատություն» ռ/կ-ի վերլուծաբանը իր զարմանքն է արտահայտում այն բանի վերաբերյալ, որ մեծ թվով սենատորներ` ինչպես հանրապետական, այնպես էլ եւ դեմոկրատ, հարցականի տակ դրեցին Բուշի վարչակազմի` հայկական ցեղասպանությունը ճանաչելու մերժումը նորանշանակ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատման լսումների ժամանակ: Հայաստանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջոն Էվանսը ետ է կանչվում հայոց Ցեղասպանության մասին հրապարակայնորեն ու ճշմարտացիորեն խոսելու համար: Օգոստոսի 1-ին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն արդեն երկրորդ անգամ հետաձգեց Դեսպան Հոգլանդի հաստատումը: Քորվինը գրում է. «Խնդիրը նշանակալի է դարձել հիմնականում երկու հզոր լոբբիստական խմբերի` Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական Համագումարի ջանքերի շնորհիվ: ԱՄՆ-ում համարյա բոլոր սփյուռքային համայնքներն ունեն իրենց շահերը ներկայացնող լոբբիստական խմբեր: Հայկական լոբբին ամենահզորներից մեկն է»: Մեկ այլ հետաքրքիր հոդված հայկական լոբբիի մասին, որի հեղինակն է Հեթեր Ս. Գրեգը ( MIT-ում Քաղաքաքիտության ֆակուլտետի գիտությունների թեկնածու), վերջին 5 տարիների ընթացքում տպագրվել է բազմաթիվ անգամներ տարբեր տեսքերով ու չափերով (6-ից մինչեւ 30 էջ): Հոդվածը վերնագրված է «Բաժանված են, բայց տիրում են: Հայկական ազգային լոբբիի հաջողությունը ԱՄՆ-ում»: Տարբեր թուրքական հրատարակություններ ու վեբ կայքեր օգատագործել են այս հոդվածը բացատրելու համար, թե ինչու է հայկական լոբբին «այդքան հզոր»: Գրեգը գրում է. «Վերջին տասնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական խմբերը նշանակալի հաջողություններ է գրանցել Կոնգրեսից, Սպիտակ Տնից ու այլ ֆեդերալ մարմիններից քաղաքական եւ նյութական աջակցություն ստանալու գործում»: Նա այս հաջողությունը բացատրում է Նահանգներում ամերիկահայերի ակտիվ լոբբիստական աշխատանքների առկայությամբ: Այս փոքրաթիվ ազգային փոքրամասնության լոբբիստական հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է երկու գործոններով: Առաջին` Վաշինգտոնում հայ համայնքը ներկայացնող երկու լոբբիստական խմբերի (Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) եւ Ամերիկայի Հայկական Համագումարի) միջեւ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ այս ազգային խմբի ռեսուրսները ծայրահեղ մոբիլիզացվել են: Երկրորդ` հայերը Վաշինգտոնում կարեւոր դաշինքներ են ձեւավորել, որոնց կազմում են Կոնգրեսի անդամներ, այլ լոբբիստական խմբեր ու կազմակերպություններ եւ Կոնգրոսի երկկուսակցական հայկական խումբը, որը ջանքեր են գործադրել ի նպաստ հայերի քաղաքական նպատակների: Ծայրահեղ մոբիլիզացիան ու դաշինքների ստեղծումը միասին հնարավորություն են ընձեռում հայերին իրենց քաղաքական նպատակների համար բավականին մեծ հաջողություններ գրանցել»: Ի՞նչա է հայկական լոբբիի նկատմամբ այսպիսի մեծ, նույնիսկ մոլեգնության հասնող հիացմունքի պատճառը: Ինչու՞ թուրքական ու ադրբեջանական հրատարակություններն ու պաշտոնյաները այդքան հաճախ են հղումներ անում «հզոր հայկական լոբբիին»: Կան հնարավոր երեք պատճառներ, որ թուրք եւ ազերի պաշտոնյանները, քաղաքական կազմակերպություններն ու պարբերականները ցանկանան հայկական լոբբին որպես չափազանց հզոր ուժ ներկայացնել: 1. Որպեսզի կարողանան տեղական եւ միջազգային աջակցությունը իրենց կողմը թեքել: 2. Որպեսզի իրենց աջակիցների մոտ համակրանք ստեղծեն նման «հզոր թշնամի» ունենալու համար: 3. Որպեսզի կարողանան ծածկել իրենց սխալներն ու անձեռնահասությունը` որեւէ քաղաքական ճակատամարտ տանուլ տալուց հետո: Չպետք է բացառել նաեւ այն հնարավորությունը, որ բոլոր նրանք, ովքեր լոբբիստական գործունեություն են ծավալում Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին, լինեն դրանք ամերիկյան լոբբիստական ընկերություններ, հրեական կազմակերպություններ թե Իսրայելի կառավարության անդամներ, դիտավորյալ են չափազանցնում ամերիկահայ համայնքի հզորությունը, որպեսզի Անկարայից ու Բաքվից իրենց արհեստականորեն ուռճացված ծառայությունների համար ավելի բարձր վարձատրություն պահանջեն: Պարզապես ապշեցուցիչ է, որ Թուրքիայի նման հզոր երկիրը ու նավթով հարուստ Ադրբեջանը` իրենց քաղաքական ազդեցությամբ, ֆինանասական միջոցներով, Վաշինգտոնում լոբբիստական ընկերություններով եւ Բուշի վարչակազմում բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ հանդերձ, բողոքում են փոքրիկ ամերիկահայ համայնքի քաղաքական գործունեությունից: Թուրք եւ ազերի պաշտոնյաները, իրենց ամերիկացի աջակիցների հետ միասին պարբերաբար ճնշում են, քննադատում ու սպառնում ցանկացած մեկին, որ համարձակվում է պաշտպանել հայկական հարցը: Ու չնայած դրան, նրանք են, որ գոռում են «բռնե~ք գայլին»: Իրավ է, որ ամերիկահայ համայանքը վերջին տարիներին քաղաքականապես ավելի ակտիվ ու արդյունավետ է դարձել, բայց փաստ է նաեւ այն, որ թուրքերն ու ազերիներն քանի միլիոն էլ որ ծախսեն, չեն կարող ծածկել իրենց ստերն ու դրանք որպես ճշմարտություն ներկայացնել: Պարզապես նրանց հետամտած գործն է սխալ: Հայկական հարցի արդարությունն է, որ հզորացնում է հայկական լոբբին:
Նոյյան տապան  -   Վերլուծություն