ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԻ
ԵՏԿԱՆՉԻ ՀԱՄԱՐ
27-06-2006 14:20:00 | ԱՄՆ | Վերլուծություն
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր»
Արդեն մի քանի ամիս է Պետքարտուղարության պաշտոնյաները, երբ
դեմ են առնում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի
ետկանչին առնչվող հարցերի, թաքնվում են այնպիսի անհեթեթ
հայտարարությունների ետեւում, ինչպես` «դեսպանները ծառայում են
նախագահին»:
Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ավելի քան 60 անդամներ
նամակներ են հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` բացատրություն
պահանջելով 2005 թ. փետրվարին Կալիֆոռնիա այցի ընթացքում Հայոց
ցեղասպանությունը ճանաչելուց հետո դեսպան Էվանսի ետկանչի համար:
Թուրք պաշտոնյաների բողոքներից հետո Պետքարտուղարությունը դեսպան
Էվանսին ստիպեց հրաժարվել իր խոսքերից, այն էլ ոչ թե մեկ անգամ,
այլ երկիցս: Նա նաեւ զրկվեց «Կառուցողական այլակարծության»
մրցանակից, որ պետք է ստանար Ամերիկայի Արտասահմանյան ծառայության
ընկերակցության (American Foreign Service Association - AFSA)
կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր շիտակ
հայտարարությունների համար: Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի,
Պետքարտուղարությունը կապվել է Ամերիկայի Արտասահմանյան
ծառայության ընկերակցության հետ` պահանջելով ետ վերցնել
հեղինակավոր մրցանակը:
Պետքարտուղարությունը չի պատասխանել կոնգրեսականների
հարցումներից ոչ մեկին, եւ ոչ էլ վերջին 5 ամիսներին այդ հարցով
ամերիկահայ համայնքի անդամների հղած էլեկտրոնային բազմաթիվ
նամակներին: Պետքարտուղարության պաշտոնյաներն այլեւս չեն կարող
թաքնվել, քանի որ Սենատը սահմանադրական վերահսկողական
պատասխանատվություն ունի դեսպանների նշանակումների վրա: Այս շաբաթ`
չորեքշաբթի, հունիսի 28-ին, ժամը 14:30 (Արեւմտյան ափի ժամանակով),
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացնում է
Հայաստանում նորանշանակ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատմանը նվիրված
լսումներ: Թեկնածուի հաստատմանը նվիրված լսումներին կարելի է
հետեւել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
կայքէջում` http://foreign.senate.gov հասցեով:
Ամերիկահայ համայնքի անդամները պետք է պահանջեն, որպեսզի
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր 18
անդամները մասնակցեն այս կարեւոր լսումներին: Հանձնաժողովի
անդամների մեծ մասը սովորաբար չեն մասնակցում նման լսումների,
մինչեւ նրանց չեն հորդորում դա անել: Հատկապես արդյունավետ կլիներ,
եթե ընտրողները կարողանային հրատապ կապվել իրենց նահանգից ընտրված
սենատորների հետ: Զանգահարեք խնդրեմ Սենատի կոմուտատոր` (202)
224-3121, եւ խնդրեք միացնել հետեւյալ սենատորների օրենսդրական
հարցերով օգնականների հետ, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստով
նամակներ հղեք` սենատորներին հորդորելով մասնակցել հունիսի 28-ի
լսումներին եւ հարցնել դեսպան Հոգլանդին, թե ինչ գիտի նա դեսպան
Էվանսի ետկանչի մասին եւ ինչ հրահանգներ է ստացել իր հաստատումից
հետո Հայոց ցեղասպանություն տերմինի գործածման հետ կապված.
Ռիչարդ Լյուգար (նախագահ, Ինդիանայից ընտրված հանրապետական).
[email protected]
Չաք Հեյգլ (հանրապետական, Նեբրասկա).
[email protected]
Լինքոլն Չաֆի (հանրապետական, Ռոդ Այլենդ).
[email protected]
Ջորջ Ալեն (հանրապետական, Վիրջինիա).
[email protected]
Նորմ Քոլեման (հանրապետական, Մինեսոտա).
[email protected]
Ջորջ Վ. Վոյնովիչ (հանրապետական, Օհայո).
[email protected]
Լեյմար Ալեքսանդեր (հանրապետական, Թենեսի).
[email protected]
Ջոն Է. Սունունու (հանրապետական, Նյու Հեմփշիր).
[email protected]
Լայզա Մըրքաուսքի (հանրապետական, Ալյասկա).
[email protected]
Մել Մարտինես (հանրապետական, Ֆլորիդա).
[email protected]
Ջոզեֆ Ռ. Բայդեն (ավագ անդամ, դեմոկրատ, Դելավար).
[email protected]
Փոլ Ս. Սարբանես (դեմոկրատ, Մերիլենդ).
[email protected]
Քրիստոֆեր Ջ. Դոդ (դեմոկրատ, Կոնեկտիկուտ).
[email protected]
Ջոն Ֆ. Քերի (դեմոկրատ, Մասաչուսեթս).
[email protected]
Ռասել Դ. Ֆեյնգոլդ (դեմոկրատ, Վիսկոնսին).
[email protected]
Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆոռնիա).
[email protected]
Բիլ Նելսոն (դեմոկրատ, Ֆլորիդա).
[email protected]
Բարաք Օբամա (դեմոկրատ, Իլինոյս).
[email protected]
Հաշվի առնելով Կոնգրեսի անդամների եւ ընդհանրապես հանրության
կողմից իրենց հղվող նամակներին Պետքարտուղարության պաշտոնյաների
անհաղորդությունը եւ խուսափողականությունը` սենատորներին այլ բան
չի մնում, քան պահանջել, որպեսզի Պետքարտուղարությունն ազնիվ
բացատրություն ներկայացնի կադրային ակնառու դիվանագետի ետկանչի
առնչությամբ, մինչեւ իրենց կողմից նրա հաջորդի հաստատումը: Եթե
իրոք դեսպան Էվանսի կարիերային վերջ է տրվում Հայոց
ցեղասպանությունը ճանաչելու համար, ապա Պետքարտուղարության
պաշտոնյաները պետք է քաջություն ունենան նայելու Միացյալ
Նահանգների Սենատի եւ առհասարակ ամերիկյան հասարակության աչքերին
եւ ասելու դա:
Ամերիկահայ համայնքը չպետք է թույլ տա, որպեսզի նման անխոհեմ
գործողության դիմեն փակ դռների ետեւում թաքնվող փոքրոգի
պաշտոնյաները: Թող նրանք առաջ գան եւ ենթարկվեն Միացյալ Նահանգների
սենատորների եւ ամերիկյան հասարակության մանրակրկիտ քննությանը:
Եթե Պետքարտուղարությունը դուրս պրծնի` քողարկելով այդ անազնիվ
որոշումը, ապա նա իրեն խրախուսված կզգա կրկին եւ կրկին անպատիժ դա
անելու:
Մինչեւ իմաստալից եւ անկեղծ բացատրություններ չտրվեն,
սենատորներին պետք է խնդրել ժամանակավոր արգելանք դնել դեսպան
Հոգլանդի հաստատման վրա: Անիմաստ է փոխարինել որեւէ դեսպանի` առանց
իմանալու պատճառը, թե ինչու: Այլապես մի քանի ամիս անց նոր դեսպանը
նույնպես կարող է ետ կանչվել առանց որեւէ հրապարակային
բացատրության:
Պետքարտուղարության աննրբանկատ եւ մեծամիտ պաշտոնյաներին պետք
է ստիպել պատասխան տալ հրապարակային նվաստացման եւ նորանշանակ
դեսպանի հաստատման ձգձգման ճանապարհով, որպեսզի նրանք հետագայում
լավ մտածեն նման կամակոր որոշումներ ընդունելուց առաջ (!):
Պարզապես անընդունելի է, որ Միացյալ Նահանգների կառավարության
վերին օղակներում մի խումբ անհատներ գործեն որպես Թուրքիայի
ուրացող ռեժիմի հանցակիցներ (!):