ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 117 ՄԼՆ<br /> ԴՐԱՄ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 117 ՄԼՆ
ԴՐԱՄ

  • 07-06-2006 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ հայկական մշակույթի միասնական ներկայացման նպատակով հունիսի 23-30-ը Հայաստանում կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 2000 արվեստագետներ Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Ինչպես հունիսի 7-ի ասուլիսում հայտնեց ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, 2004 թ. առաջին անգամ անցկացված փառատոնը վերաճեց համազգային տոնախմբության եւ ամրապնդեց «մեկ ազգ լինելու գիտակցությունն ու զգացումը»: Վ. Սարգսյանի խոսքերով, եթե նախորդ փառատոնին Սփյուռքից ներկայացվել էին հիմնականում սիրողական կոլեկտիվներ, ապա այս տարի փառատոնում ընդգրկված են պրոֆեսիոնալները: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը հայտնեց, որ փառատոնի անցկացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 117 մլն դրամ (մոտ 275 հազար ԱՄՆ դոլար): Թ. Պողոսյանը նշեց, որ կառավարությունը նաեւ ստանձնել է Ջավախքի եւ Արցախի ներկայացուցիչների կեցության հարցը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Հաջորդ օրը` հունիսի 24-ին, փառատոնի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, այնուհետեւ կհանդիպեն հայ կինոգործիչների հետ, իսկ երեկոյան` ժամը 19:30, կմասնակցեն Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք թատերական հանդիսությանը: Հունիսի 25-ը կնվիրվի գրականությանը. մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետեւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի գրքի ցուցահանդես-տոնավաճառ: Հաջորդ օրը կկազմակերպվեն կերպարվեստին նվիրված միջոցառումներ: Հունիսի 27-28-ը Երեւանի համերգասրահներում կանցկացվեն ժողովրդական, դասական եւ էստրադային երաժշտությանը նվիրված համերգներ, ինչպես նաեւ պարի-շքերթ փառատոն: Փառատոնի շրջանակում համերգներ կկազմակերպվեն ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի տարբեր մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում: Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա հունիսի 30-ին: Նշենք, որ պահպանվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթի» փառատոնի խորհրդանիշը` Նարեն եւ Նարեկը:
Նոյյան տապան  -   Մշակույթ