ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ<br /> ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԵՆ<br />


ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԵՆ

  • 31-05-2006 19:19:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման օգտին եւ համարում է, որ դրա հնարավորությունները սպառված չեն,- մայիսի 31-ին Բաքվում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Ըստ նրա, «Հայաստանի կողմից անտեսվում են Լեռնային Ղարաբաղի տարածքից եւ նրա շրջակա Ադրբեջանի գրավյալ շրջաններից հայկական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերման, ինչպես նաեւ մշտական բնակության վայրերը փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը»: «Օկուպացիայի փաստը գրանցված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ-ի 1416 բանաձեւում, որի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ բանաձեւում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը մինչ օրս գտնվում է հայկական զինված ուժերի օկուպացման տակ»,- հայտարարել է Աբիեւը: Նա նշել է նաեւ, որ «եկել է ժամանակը սկզբունքորեն անկողմնակալ դիրք գրավելու` Հայաստանը ճանաչելու ագրեսոր, նրանից պահանջելու կատարել միջազգային իրավունքի նորմերը եւ հեռանալ Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: «Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի իր հողերի բռնազավթմանը եւ իր տարածքային ամբողջականության վերականգնման համար Ադրբեջանը կօգտվի միջազգային իրավունքով իրեն տրամադրված բոլոր իրավունքներից»,- հայտարարել է Սաֆար Աբիեւը: Այս մասին հաղորդում է «Թրենդը»: Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության անդամների համար անվտանգության երաշխիքների բացակայությունը նկատի առնելով, հայկական կողմը որոշում է ընդունել չմասնակցել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի Բաքվի խորհրդակցությանը: Այդ մասին գրավոր ծանուցում է ուղարկվել ԱՊՀ ՊՆԽ քարտուղարություն: Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ «տվյալ փաստը կրկին հաստատում է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ կատարելու իր պարտավորությունը` իր տարածքում ապահովելու կազմակերպվող միջազգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»: «ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունը իր հերթին պարտավոր է խորհրդակցությանը մասնակցելու հավասար պայմաններ ապահովել ԱՊՀ անդամ բոլոր պետությունների համար: Մենք սպասում ենք պաշտոնական հակազդեցություն կատարվածին ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի կողմից»,- նշվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play