«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՆԱԵՎ<br /> ԻՍՊԱՆԱՑԻ ԱՆՎԱՆԻ ՌԵԺԻՍՈՐ ՊԵԴՐՈ ԱԼՄՈԴՈՎԱՐԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ՖԻԼՄԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՆԱԵՎ
ԻՍՊԱՆԱՑԻ ԱՆՎԱՆԻ ՌԵԺԻՍՈՐ ՊԵԴՐՈ ԱԼՄՈԴՈՎԱՐԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ՖԻԼՄԸ

  • 31-05-2006 18:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային երրորդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 2004-2006 թթ. ստեղծված 11 լիամետրաժ ֆիլմ, այդ թվում այնպիսի հայտնի ռեժիսորների կինոնկարներ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը` Իսպանիայից, Հու Սյաո-Սյեն` Տայվանից, Ռոբեր Գեդիկյանը` Ֆրանսիայից, Ռախշան Բանի-Էթմադը` Իրանից, Քշիշտոֆ Զանուսին` Լեհաստանից, Ալեքսեյ Գերման-կրտսերը` Ռուսաստանից, եւ այլք: Ինչպես մայիսի 31-ի ասուլիսում հայտնեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ընտրված ֆիլմերի մեծ մասն արդեն մրցանակներ են ստացել աշխարհի լավագույն փառատոններում, այդ թվում` իսպանացի անվանի ռեժիսորի Պեդրո Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմն օրերս Կանի փառատոնում արժանացել է երկու մրցանակի` լավագույն ռեժիսորական աշխատանքի եւ կնոջ լավագույն դերակատարման համար: Մ. Ստամբոլցյանը նշեց նաեւ, որ Պեդրո Ալմոդովարը նույնպես հրավիրված է փառատոնին եւ ամենայն հավանականությամբ կժամանի Երեւան: Փառատոնի ծրագրերի տնօրենը տեղեկացրեց, որ վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագիրը դեռեւս ձեւավորման փուլում է, քանի որ ներկայացված ֆիլմերն այնքան շատ ու բազմազան են, որ ընտրող հանձնաժողովը չի հասցրել սահմանված ժամկետում դիտել դրանք: Մ. Ստամբոլցյանն ընդգծեց, որ այս տարի զգալիորեն ավելացել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի հայտերի թիվը, ինչը խոսում է աշխարհում փառատոնի ավելի լայն ճանաչում ստանալու մասին: 58 երկրների ստեղծագործողներ ներկայացրել են 280 ֆիլմեր, որոնցից մրցութային եւ արտամրցութային բաժիններում ընտրվել են 92-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ