ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՆՈՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ<br /> ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՈՒՄ<br />


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՆՈՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ
ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՈՒՄ

  • 30-05-2006 15:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում նորից սպանվել է Հայաստանի քաղաքացի: Հարձակումը մերձմոսկովյան էլեկտրագնացքում կատարվել է դեռեւս մայիսի 25-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Մերձմոսկովյան «Սոֆրինո» շրջան մեկնող գնացքի վագոնում, «Կլյազմա» կայարանի շրջանում, սպանվել է 19 տարեկան Արթուր Սարդարյանը: Նա Մոսկվայից վերադառնում էր մերձմոսկովյան Պուշկինո քաղաք: Մարդասպանները նրան ետեւից դանակով հարված են հասցրել վզին, կտրելով քներակը, հետո հինգ անգամ դանակով հարվածել են զոհի կրծքին, սրտի շրջանում: Որից հետո ստոպ-կռանով կանգնեցրել գնացքը եւ փախել: Հարձակվողները եղել են առնվազն երկու հոգի,- հաղորդում է SOVA-ն: Հանցագործության հետաքննությամբ զբաղվում է Յարոսլավլի երկաթուղու ՆԳՎ-ն: Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայաստանցու սպանության փաստը: Քրեական գործ է հարուցվել «սպանություն ազգային ատելության դրդապատճառով» հոդվածի հատկանիշներով: Ըստ սպանության ականատեսների, իրավապահ մարմինները պատրաստել են հարձակվողների ֆոտոռոբոտները: Արթուր Սարդարյանը ծնվել էր Բաքվում, իսկ Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերից հետո ընտանիքով 1989 թվականին տեղափոխվել Մոսկվա: Ըստ փաստաբան Սիմոն Ծատուրյանի, հանցագործության վկա են դարձել էլեկտրագնացքի մոտ 20 ուղեւորներ: Վկաները լսել են, թե ինչպես են հարձակվողները բղավել «Փառք Ռուսաստանին»: Հիշեցնենք, որ նման դեպք Մոսկվայում տեղի էր ունեցել ապրիլի 22-ին «Պուշկինսկայա» կայարանում: Բազմաթիվ վկաների աչքի առաջ սափրագլուխները սպանել էին 17-ամյա հայ ուսանող Վիգեն Աբրահամյանցին:
Նոյյան տապան  -   Միջազգային