«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՄ ԱՄԲՈՂՋ ՀՈԳՈՎ»,- ԱՍՈՒՄ Է ԻԶԱԲԵԼ<br /> ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՄ ԱՄԲՈՂՋ ՀՈԳՈՎ»,- ԱՍՈՒՄ Է ԻԶԱԲԵԼ
ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ

  • 19-05-2006 19:32:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի, Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» եւ այլ հանրահայտ օպերային թատրոնների մեներգչուհի Իզաբել Բայրաքդարյանի եւ դաշնակահար Սերուժ Քրաջյանի համերգը` նվիրված Մոցարտի 250-ամյակին: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) նվագակցությամբ երգչուհին կկատարի մեներգեր Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Հովիվ թագավորը», «Կախարդական սրինգը» օպերաներից: «Հայաստանի հետ կապված եմ ամբողջ հոգով եւ ամեն անգամ հայրենիք գալով հայությունս ավելի է զորանում»,- «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ի.Բայրաքդարյանը: Նրա խոսքերով, առաջին անգամ Հայաստան է եկել ՀՊՖՆ-ի հրավերով եւ ուրախ է, որ իրենց համագործակցությունը շարունակվում է: Երաժշտական գրեթե բոլոր բարձունքները նվաճած երգչուհին նշեց նաեւ, որ մեծացել է Կոմիտասի եւ Սայաթ Նովայի երգերով եւ իր երգացանկում մեծ տեղ է հատկացնում հայկական հոգեւոր երաժշտությանը: Իզաբել Բայրաքդարյանը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: 1997թ.-ին արժանացել է «Մետրոպոլիտեն» օպերայի մրցանակին, իսկ 2000-ին` Պլաչիդո Դոմինգոյի կազմակերպած «Օպերալիա» մրցույթում` առաջին մրցանակը: Երգչուհին պարգեւատրվել է նաեւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու Ոսկե մեդալով: Ի.Բայրաքդարյանի ձայնն է հնչում «Արարատ», «Մատանիների տիրակալը», «Երկվորյակ աշտարակները» հայտնի ֆիլմերում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play