ԻՋԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱԼԱՆՍ ՔԱՂԱՔԻՑ
ԺԱՄԱՆԱԾ 50 ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
18-05-2006 17:45:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2000թ.-ից սկսած ամեն տարի
Ֆրանսիայի Վալանս քաղաքից Իջեւանում հանգրվանում է շուրջ 50
զբոսաշրջիկ: Այս մասին մայիսի 18-ի ասուլիսում հայտնեց Իջեւանի
քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:
Նրա խոսքերով, Իջեւանը եւ Վալանսը քույր քաղաքներ են արդեն 10
տարի: Նրանց միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության
ծրագրի շրջանակներում, Վալանսի քաղաքապետարանի աջակցությամբ,
2000թ.-ից Իջեւան են հրավիրվում զբոսաշրջության ոլորտի ֆրանսիացի
փորձագետներ: Նրանց խորհրդատվությամբ, Իջեւանում բարեկարգվել եւ
կահավորվել են մոտ 70 բնակարաններ, քանի որ Իջեւանում մեծ թվով
զբոսաշրջիկներ ընդունելու համար անհրաժեշտ հյուրանոցներ չկան:
Ըստ Վ.Ներսիսյանի, Վալանսի քաղաքապետարանի աջակցությամբ
Ֆրանսիայում վերապատրաստվել են Իջեւանի դպրոցների ֆրանսերենի
ուսուցիչները, իսկ Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների
համալսարանի ֆրանսերենի բաժնի իջեւանցի ուսանողները ֆրանսիայում
անցել են թարգմանչության եւ զբոսավարության դասընթացներ: