ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ԱՌՋԵՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ<br /> ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԱԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ԱՌՋԵՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ
ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԱԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ

  • 18-05-2006 17:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ պաշտոնական վիճակագրության, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնն իր 64 տոկոս հաճախելիությամբ համարվում է առաջինը Հայաստանի թատրոնների մեջ: Սակայն, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, դա չի գոհացնում իրենց, քանի որ թատրոնը տարիներ շարունակ աշխատել է լեփ-լեցուն դահլիճներով: «Մենք էլի բոլորս հավասար ենք գումարի իմաստով եւ բոլորս` կիսասոված: Խոսքն ընդհանրապես թատրոնների մասին է»,- նշեց Արմեն Խանդիկյանը: Նրա խոսքերով, պետությունը երեւի թե մտածում է թատրոնների մասին, սակայն միանգամից «վիրաբուժական» միջամտություն անել մշակույթում դժվար է: Պետությունն այսօր ֆինանսավորում է 27-28 պետական թատրոն: Ըստ Խանդիկյանի, եթե պետությունը չկարողանա պահել այս թատրոնները, ապա «ընդհանրապես կկորցնենք ամեն ինչ»: Այս ամենից զատ, թատրոնները բեմադրում են ոչ այնքան հետաքրքիր ներկայացումներ, ինչի վկայությունն է այն, որ վերջին շրջանում պետական մրցանակի ներկայացված եւ ոչ մի բեմադրություն չի արժանացել մրցանակի: Այդուհանդերձ, Արմեն Խանդիկյանը համամիտ չէ ժյուրիի հետ, թե երկրի այդ բարձրագույն պարգեւին արժանի եւ ոչ մի գործ չի ստեղծվել: Նա համոզված է, որ նման չափանիշներով բեմադրություններին մոտենալը եւ մրցանակ չշնոհելը սխալ է: «Իմ տեղեկություններով, ամեն տարի ոչ մի երկրում չի ստեղծվում այնպիսի թատերական գործ, որը ցնցի աշխարհը: Դրա համար պիտի թատերական նոր ուղղություն բացվի: Իսկ մեզանում հանձնաժողովը փնտրում է այնպիսի ստեղծագործություն, որը հանկարծ բոլորին պայծառատեսության մեջ կնետի»,- ընդգծեց Արմեն Խանդիկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play