ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՆՇՎԻ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ<br /> 85-ԱՄՅԱԿԸ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՆՇՎԻ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
85-ԱՄՅԱԿԸ

  • 20-01-2006 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի մեծ հանդիսավորությամբ կնշվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 85-ամյակը: Ինչպես հունվարի 20-ի ասուլիսում հայտնեց «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը, հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Ըստ նրա, հավանաբար կոմպոզիտորին նվիրված մեկ համերգ կկազմակերպվի նաեւ Փարիզում` Ֆրանսիայում անցկացվելիք Հայաստանի տարվա շրջանակում: Ռ. Հակոբյանի խոսքերով, Հայաստանում միջոցառումները կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտ 25-30 մլն դրամ (55-65 հազար ԱՄՆ դոլար), սակայն այդ գումարները դեռ պետք է հավաքվեն: ՀՀ կառավարությունը որոշակի գումար հատկացրել է, սակայն, ըստ Ռ. Հակոբյանի, դեռ հայտնի չէ գումարի չափը: Ռուսաստանում անցկացվելիք միջոցառումների համար մի քանի բարերարներ խոստացել են գումարներ տրամադրել, ըստ նախնական տվյալների` 200-230 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես ընդգծեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը մեծություն էր, եւ նրա 85-ամյակը պետք է պատշաճ մակարդակով կազմակերպել: «Առնոն իր տաղանդավոր ստեղծագործություններով հավերժացրել է իր անունը եւ արժանի է մեծարանքի: Նրա ստեղծագործությունները մնայուն են, եւ դրանք դեռ շատ կհնչեն»,- ընդգծեց կոմպոզիտորը: Երեւանում հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարին` «Մեր Առնոն» գրքի շնորհանդեսով: Ապրիլին կկայանա պատանի դաշնակահարների հանրապետական մրցույթ: Մայիսից մինչեւ հուլիս Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում կկազմակերպվի «Առնո Բաբաջանյանի երաժշտությունը» երաժշտական փառատոն, իսկ սեպտեմբերի 15-22-ը կանցկացվեն «Առնո Բաբաջանյանի օրերը Երեւանում»: Նախատեսվում է թողարկել «Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները հեղինակի կատարմամբ» լազերային սկավառակ: Աշնանը Մոսկվայի Կրեմլի Համագումարների պալատի համերգասրահում կկայանա համերգ, որին կմասնակցեն ռուս եւ իտալացի երգիչներ: Ռ. Հակոբյանը նշեց նաեւ, որ Փարաջանովի տուն-թանգարանի շրջակայքում կա 640 քմ հողատարածք, որտեղ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը ցանկություն ունի կառուցել թանգարան: Նրա խոսքերով, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քննարկումներ են ընթանում այդ նպատակով հողատարածքի հատկացման հարցով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play