ԱԶԵՐԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ<br />


ԱԶԵՐԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ

  • 18-11-2005 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին Հայաստանի ժուռնալիստների տանն անցկացված ասուլիսը նվիրված էր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում նոյեմբերի 11-13-ին անցկացված կարատեի աշխարհի պատանեկան առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Ըստ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի, առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի մարզիկները խմբով անսպասելիորեն հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա: Ընդ որում, նրանք ոչ միայն հայ մարզիկներին են հարվածել, այլեւ ապտակել «Հայաստան» ցուցատախտակը տանող կիպրոսցի 11-12 տարեկան տղային: Սկիզբ առած կռիվը հաջողվել է հանդարտեցնել մարզադահլիճում գտնվող անվտանգության ծառայության աշխատակիցների ջանքերով: Նշվեց, որ ազերիների հրահրած խայտառակ միջադեպը տեղի է ունեցել կարատեի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների, առաջնության մասնակից մյուս 55 երկրների շուրջ 1000 մարզիկների եւ մարզիչների, 2000 մարզասերների աչքի առաջ: Գ.Միքայելյանը հայտնեց, որ Ըստ Գ.Միքայելյանի, կարատեի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հաջորդ օրը հրավիրված հատուկ նիստում ինքը պահանջել է խստորեն պատժել միջադեպի մեղավորներին: Նա նաեւ պահանջել է, որ ադրբեջանցիները հրապարակավ ներողություն խնդրեն թե հայ մարզիկներից, թե առաջնության մյուս մասնակիցներից: Կարատեի միջազգային ֆեդերացիան իր որոշմամբ ադրբեջանցիներին մեկ տարով որակազրկել են: Այդ ընթացքում նրանք չեն մասնակցի պաշտոնական մրցումների: Գ.Միքայելյանը հայտնեց, որ ադրբեջանցիները հենց մրցումների դահլիճում ներողություն են խնդրել Հայաստանի կարատեիստներից, իսկ մարզաձեւի Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահը հայ մարզիկներից եւ մարզիչներից ներողություն է խնդրել նաեւ հյուրանոցում:
Նոյյան տապան  -   Սպորտ