ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՎԵՐԱԲԵՄԱԴՐՎԵԼ Է ԻՎ ԺԱՄՅԱԿԻ<br /> «ՄՍՅՈ ԱՄԻԼԿԱՐ» ՊԻԵՍԸ` «ՎՃԱՐՈՎԻ ՊԱՏՐԱՆՔ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՎԵՐԱԲԵՄԱԴՐՎԵԼ Է ԻՎ ԺԱՄՅԱԿԻ
«ՄՍՅՈ ԱՄԻԼԿԱՐ» ՊԻԵՍԸ` «ՎՃԱՐՈՎԻ ՊԱՏՐԱՆՔ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

  • 15-11-2005 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում վերաբեմադրվել է Իվ Ժամյակի «Մսյո Ամիլկար» պիեսը, այս անգամ արդեն նոր` «Վճարովի պատրանք» անվանումով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ներկայացման բեմադրիչ եւ գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, տարիներ առաջ բեմադրված այս պիեսի գլխավոր դերակատարը եղել է Լեւոն Թուխիկյանը: Ներկայացումը երկար ժամանակ դուրս էր մնացել թատրոնի խաղացանկից, սակայն այն կրկին վերաբեմադրվել է եւ հանրությանը ներկայացվել` նոր դերասանական կազմով ու նոր մոտեցումներով: Ըստ Գուժ Մանուկյանի, չնայած ներկայացում բեմադրելը խիստ պատասխանատու գործ է, սակայն այս պիեսի դեպքում իրավիճակն այլ էր, քանի որ նյութը լավ մարսված էր եւ մնում էր միայն խաղալ. «Ոչ միայն խաղալ, այլեւ հետեւել, թե ինչպես են խաղում գործընկերներս»: Դերասանի խոսքերով, յուրաքանչյուր ներկայացում ունի իր բարդությունը, սակայն 6-հոգանոց դերասանական խումբը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները: Բեմադրիչը գտնում է, որ ներկայացման նյութը խիստ արդիական է հատկապես երիտասարդ սերնդի համար: Պիեսի հիմքում ընկած է անկեղծ մարդկային հարաբերությունների նկատմամբ հավատը կորցրած անհատի ողբերգությունը: Ներկայացման գլխավոր հերոսը` Ալեքսանդր Ամիլկարը, փորձում է վարձված դերասանների միջոցով իր համար ստեղծել ընտանեկան երջանկություն, սակայն շուտով գիտակցում է, որ «երջանկությունը պատրանք չէ, եւ այն պետք է վաստակել եւ ոչ թե գնել փողով` վարձու դերասանների խաղով»: «Յուրաքանչյուր դերասան, ով ստանձնում է որեւէ դեր, լիովին պետք է գիտակցի այդ պարտականությունը: Ես սիրահարված եմ ե'ւ դերին, ե'ւ հերոսին: Պիեսում կան հրաշալի դիալոգների գեղեցիկ համադրություններ, ռոմանտիկա եւ լրջություն, որոնք բեմադրության մեջ ստեղծում են դրամատիկ եւ հուզական վիճակներ»,- ընդգծեց Գուժ Մանուկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ