ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-23-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ<br /> ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-23-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ
ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 18-10-2005 18:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի հինգ քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում եւ Ստեփանակերտում, հոկտեմբերի 19-ին միաժամանակ կմեկնարկի Տիկնիկային թատերախմբերի համահայկական առաջին փառատոնը: Փառատոնը, որ կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 23-ը, նվիրված է Հայաստանում տիկնիկային թատրոնի հիմնադրման 70-ամյակին: Ինչպես հոկտեմբերի 18-ին ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պետական ծրագրերի բաժնի պետ Գառնիկ Գույումջյանը, Հայաստանի, Ջավախքի եւ Արցախի 22 տիկնիկային թատերախմբեր ներկայացումներով հանդես կգան Հայաստանի մարզերում եւ Արցախում: Ըստ նրա, նման փառատոնի անցկացումը մարզերում կխթանի մշակութային կյանքի աշխուժացումը. «Թատերական շփումներն այսօր օդի ու ջրի նման անհրաժեշտ են մարզային ստեղծագործողներին: Նրանք կարիք ունեն նոր խոսքի ու նոր ասելիքի»: Գ. Գույումջյանի խոսքերով, առաջին անգամ կազմակերպվող տիկնիկային փառատոնը ինչ-որ առումով նաեւ ստուգատես է` պարզելու, թե այս տարիների ընթացքում քանի նման տիկնիկային թատրոն է ստեղծվել Հայաստանում եւ ինչպիսի մասնագիտական կարողություններ ունեն դրանք: Ըստ նրա, միայն Երեւանում դրանց թիվը 30-ից անցել է: Գ. Գույումջյանը հույս հայտնեց, որ փառատոնը հետագայում կդառնա շարունակական եւ կընդգրկի նաեւ սփյուռքահայ թատերախմբերը: Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Երեւանում. Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի մոտից մասնակիցները եւ թատերախմբերը դիմակներով եւ տոնական զգեստներով զարդարված կշարժվեն Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, ապա նաեւ` մանկական այգի, ուր եւ կանցկացվի տոնական համերգ` թատերական ներկայացումներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play