16 ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԹԱԹԱՐՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ<br /> ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ<br />


16 ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԹԱԹԱՐՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ

  • 29-09-2005 18:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կազան քաղաքի 1000-ամյակին նվիրված դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսին մասնակցած 16 հայ արվեստագետներ սեպտեմբերի 29-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում պարգեւատրվեցին Թաթարստանի մշակույթի նախարարության հուշամեդալներով եւ պատվոգրերով: Պարգեւները հանձնեցին հատուկ այդ առիթով Երեւան ժամանած Կազան քաղաքի մշակույթի բաժնի վարիչ Արկադի Կարբաեւը եւ Կազանի հայ համայնքի պատասխանատու Միքայել Խաչատրյանը: Արկադի Կարբաեւի խոսքերով, հայ վարպետների գործերն իրենց ուրույն տեղն են ունեցել կազանյան ցուցահանդեսում: «Արվեստի համար սահմաններ երբեք էլ չեն եղել, առավել եւս այսօր, երբ ԱՊՀ բոլոր ժողովուրդներն ունեն անկախ կարգավիճակ եւ համագործակցության լայն հնարավորություններ: Հայկական կողմի մասնակցությունը մեծ ներդրում էր Կազանի 1000-ամյակի հոբելյանին»,- ընդգծեց նա: Կարբաեւը նշեց, որ հայերը Թաթարստանում հաստատվել են շատ վաղ ժամանակաշրջանում, ինչի վկայությունը 1830-ականներին Կազանի համալսարանում բացված հայագիտության ամբիոնն է, որի առաջին ղեկավարը հրապարակախոս Ստեփանոս Նազարյանն է եղել: Կազանի մշակույթի բաժնի վարիչը հայտնեց, որ ինքը հանդիպել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարի հետ, եւ նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի եւ Թաթարստանի միջեւ շուտով կսկսվի մշակութային համագործակցություն: Ներկայումս Թաթարստանում ապրում են մոտ 7000 հայեր, որոնք ակտիվորեն մասնակցում են երկրամասի տնտեսական գործընթացներին ու մշակութային կյանքին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play