«ԱԿՐԱՄ ԽԱՆ» ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ՊԱՐԸ<br /> ԴՈՒՐ ԿԳԱ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ<br />


«ԱԿՐԱՄ ԽԱՆ» ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ՊԱՐԸ
ԴՈՒՐ ԿԳԱ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

  • 12-09-2005 19:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի մասին առաջին անգամ կարդացել եմ այսօր առավոտյան` հանրագիտարանից: Դա, իհարկե, քիչ է` լիովին ճանաչելու համար մի ժողովրդի, որն ունի դարերի պատմություն եւ հզոր մշակույթ»,- հայտարարեց բրիտանական «Ակրամ Խան» ժամանակակից պարային խմբի մենեջեր եւ պարուսույց Ակրամ Խանը սեպտեմբերի 12-ին Երեւանում կայացած ասուլիսին: Պարային խմբի գլխավոր պարուսույցի խոսքերով, մինչեւ Հայաստան գալը իրենք համերգներով հանդես են եկել նաեւ Վրաստանում: Հայաստանում իրենք առաջին անգամ են, իսկ տպավորությունը ջերմ է եւ հուսադրող: «Հուսով եմ, որ հայ հանդիսատեսին դուր կգա մեր պարը»,- նշեց Ակրամ Խանը: Խումբը երեւանյան հանդիսատեսին կներկայացնի իր վերջին գործը` «Ma»-ն, որտեղ պարողները երաժիշտների` թավջութակահարի, թմբկահարի, եւ երգչի հետ կներկայացնեն մայրության, մարդկանց ու հողի հարաբերությունները: Ստեղծագործությունը հիմքում ընկած են հնդիկ վիպասան Առունդհաթի Ռոյի ակնարկները, ուր արծարծված է հնդիկ գյուղացիների կյանքը, թե ինչպես են նրանց բռնի ուժով զրկել իրենց հողից: «Ma` նշանակում է երկրի կամ հողի մայր: Ստեղծագործությունը միտված է եւս մեկ անգամ վերհանելու երկրի եւ հողի ձայնը, որը կոպտորեն ժխտվում է քաղաքակրթության կողմից»,- նշեց արվեստագետը: Ակրամ Խանի խոսքերով, իր ստեղծած պարը սինթեզում է երկու ազգային մշակույթներ` հնդկական եւ բանգլադեշյան ազգային պարերը, ինչպես նաեւ միաձուլում է դասական եւ ժամանակակից պարային արվեստը. «Պարային այս ժամանակակից ոճը իմ սերնդակիցների ինքնահաստատման յուրօրինակ դրսեւորումն է: Դասական եւ ժամանակակից պարերի սինթեզը միանշանակորեն բերում է նոր դրական դրսեւորում. պահելով ավանդականը` ստեղծվում է նորը»: Նշենք, որ «Ակրամ Խան» պարային խումբը Հայաստանում Բրիտանական խորհրդի հրավերով սեպտեմբերի 13-ին եւ 14-ին հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play