ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՑԱԾՐ<br /> ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՑԱԾՐ
ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 08-08-2005 17:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈԹԵԲՈՐԳ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի 15-րդ թիմային առաջնությունը, որին տղամարդկանց 40 եւ կանանց 26 հավաքականներ էին մասնակցում: Մրցումներն անցկացվում էին շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Այս առաջնությունում առաջին անգամ միավորների հաշվարկման նոր կարգ կիրառվեց. թիմային հաղթանակի համար տրվում էր 2, ոչ-ոքիի համար` 1 միավոր: Իննօրյա պայքարի արդյունքում Եվրոպայի չեմպիոններ դարձան Հոլանդիայի տղամարդկանց եւ Լեհաստանի կանանց հավաքականները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Թիմի անդամների վարկանիշներով Հայաստանը 4-րդն էր եւ առաջնության ֆավորիտներից մեկն էր համարվում, սակայն թիմի անհավասար մրցելույթները (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն) հնարավորություն չտվեցին բարձր տեղ գրավել: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 10 միավորով բաժանեց 12-20-րդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցների շնորհիվ գրավեց 12-րդ տեղը: Ավելի հաջող էր Հայաստանի կանանց հավաքականի արդյունքը: Հայ շախմատիստուհիները վաստակեցին 11 միավոր եւ Ուկրաինայի ու Ռումինիայի մարզուհիների հետ բաժանեցին 5-7-րդ տեղերը: Գործակիցներով նրանք զբաղեցրին 6-րդ տեղը: Հայաստանի 2 շախմատիստներ` Աշոտ Անաստասյանն ու Լիլիթ Գալոյանը, մրցանակների արժանացան պահեստային խաղացողների հաշվարկում բարձր արդյունքներ ցույց տալու համար: Անաստասյանը 7 հնարավորից 5 միավորով 3-րդն էր, իսկ Գալոյանը 8 հնարավորից 7 միավորով` 2-րդը:
Նոյյան տապան  -   Սպորտ