ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ
ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
02-08-2005 17:46:00 | Հայաստան | Սպորտ
ԳՅՈԹԵԲՈՐԳ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի Գյոթեբորգ
քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ
տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց
Վրաստանի հավաքականին: Լեւոն Արոնյանն ու Ռաֆայել Վահանյանը իրենց
հանդիպումները շահեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Սմբատ Լպուտյանը
ոչ-ոքի խաղացին: 3 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը
բաժանում է 3-8-րդ տեղերը: Նա 5 միավոր է վաստակել (թիմերին
հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքի համար` 1 միավոր): 6-ական
միավորով 1-2-րդ տեղերը բաժանում են ֆրանսիայի եւ Գերմանիայի
հավաքականները:
Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի կանանց
հավաքականը անհաջողություն կրեց` 1,5-2,5 հաշվով պարտվելով
Ռումինիայի թիմին: էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ
Անդրեասյանն իրենց հանդիպումները ոչ-ոքի ավարտեցին, իսկ Լիլիթ
Մկրտչյանը պարտություն կրեց: 3 տուրից հետո Հայաստանի
շախմատիստուհիները 4 միավորով բաժանում են 5-11-րդ տեղերը: 6
միավորով 1-2-րդ տեղերում են Ռուսաստանի եւ Ռումինիայի
հավաքականները:
4-րդ տուրում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Հոլանդիայի, կանայք`
Ուկրաինայի շախմատիստների հետ: