«ՆԱՆԵ» ՇՈՈՒ-ԲԱԼԵՏԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԲԵՌԼԻՆԻ «TANZOLYMP» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ<br />


«ՆԱՆԵ» ՇՈՈՒ-ԲԱԼԵՏԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԲԵՌԼԻՆԻ «TANZOLYMP» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

  • 03-02-2005 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 13-17-ը Բեռլինում կայացած «Tanzolymp» միջազգային մրցույթում «Նանե» շոու-բալետային խումբը արժանացել է 2 ոսկե մեդալի` «Դասական» եւ «Ֆոլկ» պարային անվանակարգերում: Ինչպես փետրվարի 3-ի ասուլիսում հայտնեց խմբի ղեկավար Նարինե Տոպոլյանը, սա «Նանե» բալետային խմբի երկրորդ մրցանակն է. առաջին անգամ խումբը գրան պրիի արժանացել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Dance open» բալետի միջազգային մրցույթում: «Tanzolymp» միջազգային մրցույթին մասնակցել են 22 երկրներից 600 պարային խմբեր: Ն. Տոպոլյանի խոսքերով, մրցակցությունը բարդ էր, քանի որ մասնակից խմբերը հիմանականում եղել են աշխարհի լավագույն պարային ակադեմիայի սաները: «Նանե» խմբի երկու անդամներ` 11-ամյա երկվորյակ քույրեր Դիանա եւ Քրիստինե Հայրապետյանները ներկայացրել են 8 համար, այդ թվում Կոմիտասի «Կաքավիկը»: Խմբի ղեկավարի խոսքերով, ժյուրիի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Վասիլեւը դրվատանքով է խոսել հայ երեխաների մասին: Մրցույթի մասին, ըստ Ն. Տոպոլյանի, իրենք տեղեկացել են կոլեգաներից, ինչից հետո դիմել են մի շարք կազմակերպությունների` ակնկալելով ֆինանսական աջակցություն, սակայն դիմումները մնացել են անպատասխան: Խումբը մեծ դժվարությամբ է կարողացել հավաքել համապատասխան գումարը, որպեսզի Բեռլինի հեղինակավոր մրցույթում ներկայացնի հայ արվեստը: Ն. Տոպոլյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք հրավերներ ունեն Նյու Յորքից եւ Սանկտ Պետերբուրգից, սակայն ճանապարհածախս չունենալու պատճառով մերժել են դրանք:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play