ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ<br /> ԴԱՏԱՐԱՆ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

  • 23-12-2005 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով քննել Երեւանի կենտրոնում կառուցապատում իրականացնելու վերաբերյալ կառավարության որոշումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս մասին նա հայտնեց լրատվամիջոցների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 23-ի հանդիպմանը: Դիմումում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2001-2005թ. ընդունած վիճարկվող որոշումներով սահմանվել են Երեւան քաղաքում քաղաքացիների անշարժ գույքի սեփականության պետական կարիքների համար հարկադիր օտարման կոնկրետ գոտիներ, այդ գույքի օտարման կարգն ու պայմանները: Կառավարության այդ որոշումներով սահմանված պայմաններով ընթացել եւ ընթանում է Երեւան քաղաքում քաղաքացիների անշարժ գույքի հարկադիր օտարումը, սեփականատերերի հետ ընթացած դատական վեճերը լուծելիս դատարանները հենվել են ՀՀ կառավարության այդ որոշումների վրա»: Ըստ Լ.Ալավերդյանի, քանի որ խոսքը վերաբերում է մարդու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պահպանմանն ու պաշտպանությանը, հարկ է առաջացել որոշելու ՀՀ կառավարության տվյալ հարցին վերաբերող որոշումների սահմանադրականության հարցը: ՀՀ օմբուդսմանի դիմումում թվարկված են կառավարության որոշումները, որոնք, ըստ դիմումատուի, հակասում են ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով, 85-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի «Ազգային ժողովի կողմից 1995թ. դեկտեմբերի 27-ին ընդունած «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածին եւ 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» 27.02.98թ. որոշմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն