ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՌՉԱԿՎԵԼ<br /> Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՌՉԱԿՎԵԼ
Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ

  • 28-11-2005 20:27:00   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ՓԱՐԻԶ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 25-ին Փարիզում հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարեւորագույն մանդատներից մեկը հանդիսանում է աշխարհում գոյություն ունեցող մշակութային եւ բնական այն ժառանգության բացահայտման, պաշտպանման եւ պահպանման խրախուսումը, որը բացառիկ նշանակություն է ներկայացնում ամբողջ մարդկության համար: Կազմակերպությունը փորձում է բացահայտել աշխարհի ոչ միայն նյութական, այլ նաեւ ոչ նյութական հարուստ ժառանգությունը: Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող կարեւորագույն ծրագրերից մեկը Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակումն է: Սա 1997 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկսած միջազգային մեծ հնչողությամբ ծրագիր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է` միջազգային մակարդակով պահպանելու մշակութային ժառանգությունը: Քանի որ 1972թ. ընդունված Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան բացառապես վերաբերում է միայն նյութական ժառանգությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է ընդլայնել այդ պաշտպանությունը` ընդգրկելով նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Հայկական դուդուկի երաժշտության հռչակումը Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոց երրորդն է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Առաջին հռչակումը տեղի է ունեցել 2001 թ. մայիսին, որը շեշտադրել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանման հրատապ անհրաժեշտությունը եւ ընդգրկել է 19 գլուխգործոց, որոնք նշանակալի արժեքներ էին ներկայացնում` պատմական, գեղարվեստական, եւ էթնոլոգիական տեսանկյունների: 2003 թ. նոյեմբերին կայացած երկրորդ հռչակումն ընդգրկում էր 28 գլուխգործոցներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ծրագիրը շարունակվելու է մինչեւ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, իսկ Հռչակված գլուխգործոցները կընդգրկվեն Կոնվենցիային կից Ոչ նյութական մշակութային ժառանգության պատվավոր ցուցակի մեջ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play