ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 24-11-2005 15:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 14-ին կամփոփվեն Ազգային երաժշտական երրորդ մրցանակաբաշխության արդյունքները եւ կհանձնվեն մրցանակները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց մրցանակաբաշխության համակարգող Նանա Տոնոյանը, արդեն ավարտվել է օգոստոսից երգիչների, խմբերի ներկայացրած հայտերի ընտրությունը: Այս տարի մրցանակներ կհանձնվեն հետեւյալ 12 անվանակարգերում` «Լավագույն դուետ», «Լավագույն երաժշտական խումբ», «Լավագույն ալբոմ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն գործիքավորող», «Տարվա հայտնություն», «Լավագույն աշխատանք արտերկրում», «Տարվա ոճ», «Հայ փոփի ապագա», «Լավագույն երաժշտական նախագիծ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգիչ»: Հանձնվելու են նաեւ 3 հատուկ եւ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակներ: Ն. Տոնոյանը հայտնեց, որ քվեարկությունն անցկացնում է 60-հոգանոց կազմով ժյուրին, որում ընդգրկված են ռեժիսորներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ: Ներկայումս www.armtv.com հասցեով ընթանում է ինտերնետային քվեարկություն: Մրցանակների բաշխման արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Համերգը կվարեն հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը եւ «Միսս Եվրոպա» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթում «Վիցե Միսս» տիտղոսին արժանացած Լուսինե Թովմասյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ