ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ<br />


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

  • 22-11-2005 18:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսօր Հայաստանում թատրոնի հասարակական նշանակությանը զուգահեռ չափազանց արժեզրկված է նրանում ստեղծագործող մասնագետների, մասնավորապես դերասանների աշխատանքը: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ավելի քան երկու տասնյակ անվանի թատերական գործիչների հղած բաց նամակում: «Դերասանի աշխատանքն առայսօր մնում է չգնահատված: Անհարմար ենք զգում նույնիսկ խոստովանել, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ առհասարակ թատրոնների առաջատար դերասանների ամսական միջին աշխատավարձը կազմում է 30 հազար (շուրջ 60 ԱՄՆ դոլար. «ՆՏ»), իսկ մյուսներինը` 15-20 հազար դրամ»,- նշված է նամակում: Ըստ նամակի հեղինակների, թատրոններում ստեղծագործական նվիրումի եւ նյութական վարձատրության անհամապատասխանությունը երկրում հասնում է վտանգավոր չափերի: Բազում տաղանդավոր կադրեր հաճախ լքում են թատերական ասպարեզը` անգամ նվազագույն նյութական ապահովություն երաշխավորող աշխատանք գտնելու հույսով, քանզի նրանք գիտակցում են, որ նույնիսկ «փայլուն ստեղծագործական հաջողությունների դեպքում դատապարտված են չքավորության»: «Անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն, ըստ էության, չեն արել ոչինչ` թատերական գործի վերակազմակերպման ուղղությամբ: Չկա օրենք թատրոնի մասին, չկան համապատասխան ֆոնդեր` հետաքրքիր եւ հեռանկարային ծրագրերի ու մտահաղացումների իրականացման համար, չկա օրենք հովանավորության մասին: Ավելին, թատրոնները շնչահեղձ են լինում ավելացված արժեքի հարկից»,- ընդգծված է նամակում: Նամակի հեղինակներն իրենց պատրաստակամությունն են հայտնում երկրի նախագահին` մասնակցելու բոլոր այն միջոցառումներին, որոնք կնպաստեն թատրոնի գաղափարի վերագտնմանը եւ նրա վարկի բարձրացմանը: Նամակը ստորագրել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը եւ 18 այլ անվանի թատերական գործիչներ` թատրոնների գեղարվեստական ղեկավարներ եւ դերասաններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play