ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ<br /> ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՇՈՒՐՋ 8,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ` 2008 Թ.-Ի ՇՈՒՐՋ 8,5<br /> ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ<br />


ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՇՈՒՐՋ 8,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ` 2008 Թ.-Ի ՇՈՒՐՋ 8,5
ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

  • 31-10-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 31-ի դրությամբ Սեւանա լճից օրենքով սահմանված 360 մլն խորանարդ մետր առավելագույն չափաքանակից կատարվել է 294 մլն խորանարդ մետր ջրառ: Այս մասին ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագծով ջրային տնտեսության ոլորտի ֆինանսավորմանը նվիրված խորհրդարանական մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ամռանը ՀՀ Ազգային Ժողովը` կառավարության առաջարկությամբ, երկու անգամ վերանայեց Սեւանա լճից ջրի բացթողումների օրենքով սահմանված տարեկան չափաքանակը` թույլատրելով 170 մլն խորանարդ մետրի փոխարեն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը լճից իրականացնել 360 մլն խորանարդ մետր ջրառ: Առանց նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագծով ջրային տնտեսությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 8,7 մլրդ դրամ` 2008թ.-ին սահմանված շուրջ 8,5 մլրդ դրամի դիմաց: Ոլորտում նախատեսվող հիմնական ծրագրերն են. Որոտան-Արփա-Սեւան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում (275,76 մլն դրամ), ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում (5,25 մլրդ դրամ), «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում (863,4 մլն դրամ), ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ ՀՀ կառավարության միջեւ վավերացրած համաձայնագրի շրջանակներում խմելու ջրի ոռոգման համակարգերի հիմնանորոգում (1,5 մլրդ դրամ), խմելու ջրի մատակարարման բարելավում` 361,5 մլն դրամ: Բացի այդ, 2009թ.-ին ջրային տնտեսության ոլորտում նախատեսվում են նաեւ տարբեր նպատակային վարկային ծրագրեր, որոնցից են Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ), Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ), Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների ծրագիրը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն), Ոռոգման համակարգերի զարգացման 1-ին եւ 2-րդ ծրագրերը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն), Պատվարների անվտանգության 1-ին եւ 2-րդ ծրագրերը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն), Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիրը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play