ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳԱԼԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ<br /> ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ<br />


ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳԱԼԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ

  • 20-12-2007 22:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 19-ին Գյումրիի թատերական հրապարակում Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքի ավարտին ընդունվեց դիմում-պահանջագիր` ուղղված բոլոր այն գերատեսչություններին, որոնք, հանրության համոզմամբ, ճնշումներ են իրականացնում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ: Այսպես, Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչությունից պահանջվում է հրաժարվել դատական հայցից, անպատշաճ հիմքերով ստուգման փաստաթղթերից եւ կազմել նոր եզրափակիչ ակտ: Հանրությունը պահանջում է նաեւ կարճել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի ստուգումների արդյունքներով հարկերը չարամտորեն թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործը: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից պահանջվում է ետ վերցնել հարկային ծառայությանը տրամադրած փաստաթղթերը հեռուստաընկերության կողմից գովազդի հեռարձակման մասին, որում, ըստ հանրության, ՀԸ-ը վերագրված է «առասպելական ծավալների գովադի հեռարձակում»: Փաստաթղթերում տարանջատում չի արված ինքնագովազդի, սոցիալական գովազդի (որը հեռուսատընկերությունը հեռարձակել է անվճար) եւ վճարովի հիմունքներով առեւտրային գովազդի. բոլորը ներկայացվել է որպես վճարովի գովազդ: Շիրակի մարզի եւ մարզկենտրոնի կառույցների պաշտոնյաներից պահանջվում է դադարեցնել ճնշումները գովազդատուների վրա, իսկ Գյումրու քաղաքապետարանից եւ ավագանուց` հրաժարվել Գյումրու հին հեռուստաաշտարակի վեճը լուծելու դատական ճանապարհից, հեռուստաաշտարակի ողջամիտ գնով վարձակալության տրամադրումը: Շիրակի մարզի դատախազությունից պահանջվում է ստուգել ՀՊԾ ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանի կողմից հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակման փաստով ոստիկանության կողմից քրեական գործ չհարուցելու որոշումը: Այս պահանջները չբավարարելու դեպքում հանրահավաքի մասնակիցները խոստանում են ձեռնամուխ լինել «այլ համարժեք միջոցառումների», այդ թվում` թվարկված գերատեսչությունների պաշտոնյաների պաշտոնանկման «հաճելի եւ ազգանպաստ գործընթացին»: Դիմումն ընդունվել է, հաշվի առնելով, որ մի շարք պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների «հարձակումները կրում են հեռուստաընկերությունը եթերազրկելուն ուղղված կազմակերպված եւ համակարգված բնույթ»: Նշվում է, որ խոսքի ազատությունը անօտարելի իրավունք է եւ որեւէ պաշտոնյա օժտված չէ այն խլել: Գյումրիում անցկացված բազմամարդ հանրահավաքի մասնակիցները ժամանել էին Երեւանից, Վանաձորից, Շիրակի մարզի 30 համայնքներից: Հանրահավաքում ելույթներ ունեցան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Քաղական մշակույթի «Շիրակ» կենտրոնի նախագահ եւ ԱԺՄ Շիրակի մարզի պատասխանատու Վահան Թումասյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր եւ «Իմպիչմենտ» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, հասարակական եւ մշակույթի այլ գործիչներ: Ելույթ ունեցողնեցողները դատապարտեցին «ԳԱԼԱ» նկատմամբ կիրառվող վարչական ճնշումները, Հայաստանում տիրող մերձավտորիտար ռեժիմը, իրենց աջակցությունը հայտնեցին հեռուստաընկերությանը: Ցուցարարները պարզել էին շուրջ մեկ տասնյակի հասնող պաստառներ` «Լավ է 1 մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը», «Նահանջի տեղ չկա», «Ազատ խոսքի թշնամիները պատժվելու են օրենքի ամբողջ ուժով, հանրության արհամարհանքով եւ Աստծո անեծքով», «Թաթերդ հեռու ԳԱԼԱ-ից, մեր սիրելի բալայից» եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն